Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին.
1) 18 տարին չլրացած երեխային.
2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.
5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին' անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած' սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների' նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.
5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին' անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած' սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող' երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների' նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.
Ուսումնական (այդ թվում' ռազմական ուսումնական) հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 26 տարին լրանալը:
Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի' վերը նշված անդամներին՝ անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) պատճառից, անցած ժամանակաշրջանից և ծառայության տևողությունից: Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է նաև.
1) զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.
2) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների վրա:
Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ է նշանակվում նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո' վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի ընտանիքի անդամներին:
Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը: