Ուջանիկը ազատ արձակվելուց հետո գիշերային ակումբում մարդ է դանակահարել (տեսանյութ)

Ուջանիկը ազատ արձակվելուց հետո գիշերային ակումբում մարդ է դանակահարել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Աշտարակի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ նոյեմբերի 14-ից հետախուզան մեջ գտնվող տղամարդու վերաբերյալ: Այն իրացվեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների հետ: Նոյեմբերի 25-ին, ժամը 16-ին, մայրաքաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխվեց Ուջան գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված, որոշ շրջանակներում որպես Ուջանիկ հայտնի տղամարդը, որը վերջին 7 տարում չէր բնակվել հարազատ տանը: 02-ի արխիվում կան մանրամասն տեղեկություններ, թե ինչ արարքների համար է նա դատապարտվել ու պատիժը կրել «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Հատվածաբար վերհիշենք յոթ տարվա վաղեմության դեպքը:

Վերադառնանք մեր օրեր:

Այս տարվա հոկտեմբերի 26-ին, պատժի ամբողջական կրումից հետո, Ուջանիկն ազատվում է կալանքից, և իրականանում են Աշտարակի իրավապահների ամենահոռետեսական կանխատեսումները: Նույն գիշերը, ժամը չորսին, հիվանդանոցից հաղորդում է ստացվում Աշտարակի բաժին, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը ճշտում է, որ միջադեպ է տեղի ունեցել գիշերային ակումբում: Արդեն ունենալով վարկած' Քրեական հետախույզներն օպերատիվորեն պարզում են, որ ուջանցի մեզ ծանոթ տղամարդը եղբոր, եղբորորդու և երկու համագյուղացու հետ եղել է Երևան-Գյումրի ճանապարհի գիշերային ակումբում: Գիշերվա ժամը 2.15-ի սահմաններում նա մոտեցել է մեկ այլ սեղանի շուրջ նստած տղաներին ու վիճել հետները:

Ուջանցուն միացել է նաև եղբայրը, ու միասին սկսել են ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել հակառակորդներին: Այդ ընթացքում էլ ազատությունը դեռ մեկ օր էլ չվայելած ուջանցին իր մոտ եղած դանակով դիտավորությամբ խփել և մարմնական վնասվածք է պատճառել ավելի ուշ հիվանդանոց դիմած երիտասարդին: Այլ կերպ ասած' եղբայրները հասարակության նկատմամբ ցուցաբերել են բացահայտ անհարգալից վերաբերմունք, խաթարել են ակումբի բնականոն աշխատանքը, վնասվել են գույքը, հակաիրավական գործողությունները շարունակել են ակումբի բակում, ինչից հետո դեպքի վայրից դիմել են փախուստի:

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվում է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով' խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով:

Իրավապահները պարզում են նաև, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան ժամը 8-ից 11-ի ընթացքում եղբայրները վիճել են արդեն իրար հետ՝ իրենց հայրենի Ուջանում. Անդրանիկի արձանի մոտ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, իսկ երբ համագյուղացիք մոտեցել ու հորդորել են դադարեցնել վիճաբանությունը, կալանքից նոր ազատված եղբայրը հրազենից կրակոցներ է արձակել մարդկանց ուղղությամբ։

Նոյեմբերի 14-ին 35-ամյա Ուջանիկի նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Եվ քանի որ ազատության մեջ անցկացրած նրա ամեն օրը սպառնալիք էր հանրության համար, Աշտարակի քրեական հետախույզներն ամեն ինչ անում են' նրան հնարավորինս արագ հայտնաբերելու համար, ինչը հաջողվում է համագործակցված աշխատանքի արդյունքում:

35-ամյա տղամարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է»: