«Տեղի է ունեցել թվով երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնցից մեկը՝ դժբախտ ելքով: Հարուցվել է քրեական գործ, ներկա պահին ընթանում է քննություն»:
Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, այս մասին ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց՝ որտե՞ղ է դեպքը պատահել, և ո՞րն է եղել պատճառը, որին Բեջանյանն արձագանքեց՝ Թևոսյան փողոցում՝ անսարք տրոլեյբուսը քարշակելու ընթացքում:
«Անսարք տրոլեյբուսը քարշակելու նպատակով առջևում կայանված «ԶԻԼ 131» մակնիշի քարշակը ինքնագլորվել և վրաերթի է ենթարկել նշված երկու տրանսպորտային միջոցների միջև կանգնած տրոյլեբուսի վարորդին և քարշակման նպատակով կցորդման աշխատանքներ կատարող ավագ վարորդ փականագործին: Տրոլեյբուսի վարորդը մահացել է, իսկ ավագ վարորդ- փականագործը՝ տեղափոխվել հիվանդանոց, երեք օր անց դուրս է գրվել»,- ասաց Բեջանյանը:
Քաղաքապետը ցավակցեց տրոլեյբուսի վարորդի ընտանիքին. «Դժբախտ դեպք է, ցավակցություններս ընտանիքին»: