Երևանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Երևանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 28 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Վրաերթի  փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: