Սարսափ․ ունենք մեկ զոհ և 7 վիրավոր․ մանրամասներ

Սարսափ․ ունենք մեկ զոհ և 7 վիրավոր․ մանրամասներ

Shamshyan.com-ը գրում է․

 

Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

 

Ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

 

Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով։

Օպերատիվ են գործել Գառնու ամբուլյատոր կենտրոնի և Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում 1-ին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՊԾ Կոտայքի բաժնի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

 

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ջուլիետա Առուշանյանն ու Կարեն Խուդանյանը։ Հենց վերջիններս են մինչև շտապօգնությունների ժամանումը առաջին բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին և իրենց ծառայողական ավտոմեքենաներով երեքին տեղափոխել հիվանդանոց, ապա վերադարձել վթարի վայր ու շարունակել ծառայությունը։

 

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին, և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։