Տեսանյութ, լուսանկարներ՝ ինչպես են վրաերթի ենթարկում 55-ամյա Մարինեին

Տեսանյութ, լուսանկարներ՝ ինչպես են վրաերթի ենթարկում 55-ամյա Մարինեին

Այսօր' հունվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 29֊ամյա Կարեն Ղ-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 55-ամյա Մարինե Ս․-ին

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները' գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը' բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը' բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Մահվան ելքով վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։