Դաժան ավտովթար Հայաստանում․ Մահացածը ՌԴ քաղաքացի է, իսկ վիրավորները հայտնի բժիշկներ են

Դաժան ավտովթար Հայաստանում․ Մահացածը ՌԴ քաղաքացի է, իսկ վիրավորները հայտնի բժիշկներ են

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Chrysler և Volksagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր« ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները Volkswagen-ի միջից դուրս են բերել տղամարդու դի։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արամ Պետրոսանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Լոռու մարզի պարեկային ծառայությունից տեղեկությունը  փոխանցել են Հայատանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական  վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Եղիազարյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Ա. Եղիազարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները պարեկ Արտյոմ Զարգարյանի, Նարեկ Ալոյանի և Արմենակ Աղաջանյանի ուղեկցությամբ քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Սպիտակ բաժնի պահպանվող հատուկ տարածք:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Վանաձորի ու Սպիտակի բժշկական կենտրոնների բժիշկները գործել էին օպերատիվ, ապա Վանաձորում գործող դիահերձարանի աշխատակիցները (այն կապ չունի «Վանաձոր» ԲԿ-ի հետ)  դեպքի վայր էին ժամանել առանց սավանի, և վարորդը փորձում էր դին բաց վիճակում տեղափոխել դիատար։ Եթե Երևանում ու որոշ մարզերում դիատար ավտոմեքենաներն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, ապա այս դեպքում Վանաձորում այլ պատկեր է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի էր, 2 օր առաջ մասնակցելիս է եղել քրոջ հարսանեկան արարողությանը և Լոռու մարզից մեկնում էր Տավուշի մարզ՝ ծնողների մոտ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են «Վանաձոր» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վահագն Մկրտչյանն ու նշված ԲԿ-ի փոխտնօրեն Մեսրոպ Հազրոյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով Սպիտակից դեպի Վանաձոր ընթանալիս դուրս  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Chrysler-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։