Աննա Հակոբյանը ջերմ ընդունելության է արժանացել Նիցցայում. ֆրանսիացի պատգամավորների արձագանքները

Աննա Հակոբյանը ջերմ ընդունելության է արժանացել Նիցցայում. ֆրանսիացի պատգամավորների արձագանքները

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մասնակցել է  Պարսամյան դպրոցի հիմնադրման 35-ամյակի հանդիսությանը, որին ներկա են եղել նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ։  Վերջիններս՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպման և հանդիսության վերաբերյալ  իրենց տպավորություններով կիսվել  են սոցիալական ցանցի էջերում։

Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական Խորհուրդի՝ ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտտին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հպարտ եմ, որ  Քրիստելլե Դինթորնիի հետ Շառլ Անժ Գինեզի անունից շքանշան եմ հանձնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, ով Ադրբեջանի հետ պատերազմի օրերին զենք էր վերցրել հայրենիքը պաշտպանելու համար։ Ուզում եմ հիշեցնել նրան  Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ֆրանսիայի  անմնացորդ աջակցության մասին»։

Պատգամավոր Քրիստելլե Դինթորնին,  վարչապետի տիկնոջ հետ լուսանկար հրապարակելով, գրել է. «Ես գիտեմ ինչպիսի դժվարություններ է ապրում Հայաստանը 2020թ-ին Ադրբեջանի, Էրդողանի և իսլամիստ վարձկանների սանձազերծած պատերազմից հետո։  Ես աշխատելու եմ Ֆրանսիայի խորհրդարանում, որպեսզի Ֆրանսիան լինի հայ ժողովրդի կողքին»։

Մեկ այլ գրառմամբ  Դինթորնին  նշել է, որ Պարսամյան դպրոցում հանդիպել է Աննա Հակոբյանին և հավելել. «Որպես խորհրդրանական ես ակտիվորեն աշխատելու եմ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»։

Նիցցայի քաղաքապետի ներկայացուցիչ Պիեռ Ֆիորին հայտնել է, որ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Պարսամյան դպրոցի 35-ամյակի միջոցառմանը, աջակցություն հայտնելով ինչպես դպրոցին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը։