Ձերբակալություն՝ քաղաքական ընդդիմության հավաքի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Ձերբակալություն՝ քաղաքական ընդդիմության հավաքի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ՝ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հաղորդագրությունն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 11-ին քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ընթացքում Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը հավաքի մասնակիցների կողմից սահմանափակելու ժամանակ, նախկինում տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված՝ հավաքի մասնակիցներից մեկը, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, բացի այդ, բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով՝ փորձել է գլխով հարվածել ոստիկաններին:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել քաղաքական ընդդիմության հավաքի հիշյալ մասնակցին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկմանը նրա մասնակցությունն ապահովելու նպատակով որոշում է կայացվել վերջինիս՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված կարգով ձերբակալելու մասին»:

Լուսանկարը՝ համացանցից