Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. Կենտրոնում փորձել են սպանել հայտնի գործարարին. հանցագործը բռնվեց (տեսանյութ)

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. Կենտրոնում փորձել են սպանել հայտնի գործարարին. հանցագործը բռնվեց (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 26-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, և այդ տեղեկությունները ճշտելուց հետո քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի սեփական տներից մեկում հայտնաբերել են առանձապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետախուզվողը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Սարգիս Գրիգորյանն է, ով 2021 թվականի օգոստոսից ոստիկանության կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 235 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Գրիգորյանը ոստիկանության կենտրոնականի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին։  Նա կասկածվում է 2021 թ. օգոստոսի 1-ին Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ, հայտնի գործարարին պատկանող Range Rover մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ։  Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և խմբի ղեկավար էր նշանակվել նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ասատրյանը:   Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քննչական խումբը ստեղծվել էր 2021 թ. օգոստոսի 1-ին Երևանում՝ ժողովրդին հայտնի «Վերնիսաժի» տարածքում Range Rover մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու փաստով:   Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին, որ երբ Range Rover-ի ուղղությամբ կրակոցներ էին արձակել, այն վարելիս էր եղել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Վիրաբյանը:   Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչներն ունեին ենթադրյալ սպանության փորձ կատարելու կասկածյալի տվյալները, ով նույնպես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ է: Նա 31-ամյա Սարգիս Գ.-ն է:

 

  Range Rover-ի վրա էլ հայտնաբերվել էին 5 հատ կրակոցի հետքեր և և ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Սարգիս Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:   Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Վիրաբյանը հանրապետությունում հայտնի ընկերությունների մեկի սեփականատերերից մեկն է: