Սպանությունից առաջ ինձ մոտ էր եկել. համայնքապետը՝ աներոջն ու զոքանչին սպանած տղամարդու մասին. նոր մանրամասներ

Սպանությունից առաջ ինձ մոտ էր եկել. համայնքապետը՝ աներոջն ու զոքանչին սպանած տղամարդու մասին. նոր մանրամասներ

Ինձ քիչ առաջ հիվանդանոցից զանգահարեցին և հայտնեցին, որ 44-ամյա տղամարդու կողմից հրազենային վիրավորում ստանալու հետևանքով, աներոջից բացի, մահացել է նաև զոքանչը, որը վիրավորում էր ստացել որովայնի շրջանում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Նալբանդյան գյուղի համայնքի ղեկավարը՝ Գրիգոր Մկրտչյանը:

Խնդրեցինք ներկայացնել սպանություն կատարած համագյուղացուն, և համայնքի ղեկավարը միայն դրական կետեր նշեց, ինքն էլ զարմացած լինելով կատարվածից. «Առողջական խնդիրներ, կարծես թե, չի ունեցել:  Նրա հետ մշտապես շփում եմ ունեցել, շատ բանիմաց տղա է, կարելի էր ամեն ինչից խոսել այդ տղայի հետ, ամեն ոլորտից գիտելիք ուներ: Խմիչքից, ծխախոտից միշտ հեռու է եղել: Ֆիզակապես շատ ուժեղ էր, անընդհատ հետևում էր իր արտաքին տեսքին, հաճախում էր մարզադահլիճ: Շատ կոկիկ և մարքրասեր է եղել, նախընտրել է միշտ դասական հագուստ հագնել»,- նշեց նա:

Վերջինս հայտնեց, որ սպանություն կատարողը մեծացել է ուսուցիչների ընտանիքում. «Հայրը մեր դպրոցում եղել է ֆիզիկայի ուսուցիչ, մայրը՝ մաթեմատիկայի, երկուսն էլ սիրելի են եղել դպրոցում: Նրա կողմից սպանված զոքանչը ևս դպրոցում ուսուցիչ է աշխատել, շատ խելացի կին էր»,- ասաց Գրիգոր Մկրտչյանը:

Ինչպես նշում է նա, այդ տղամարդը սոցիալապես ապահովված է եղել՝ ուներ խանութ, երկու ավտոմեքենա, այնպես է արել, որ ամեն ինչ հասցնի և ընտանիքը որևէ բանի կարիք չունենա:

 

Հետաքրքրվեցինք արդյոք բաժանված է իր կնոջից, որի ծնողներին սպանել է, և թե ինչ հարաբերություններ է ունեցել նրանց հետ, մեր զրուցակիցը ասաց. «Ներկայիս կինն է սպանվածների աղջիկը, միասին հաշտ ու համերաշխ են ապրել: Անկեղծ ասաց չեմ նկատել, որ կինը կամ ինքը շփվեն ծնողների հետ»,- ընդգծեց նա:

Համայնքապետը նշեց, որ մինչև այդ սարսափելի դեպքը, տղամարդը գնացել է համայնքապետարան իր հետ զրուցելու.

«Մոտավորապես, կես ժամ նստեցինք, խոսեցինք ու շատ նորմալ գնաց»,- ասաց համայնքապետը՝ մանրամասնելով իրենց զրույցի թեման.

«Իր ավտոտնակը սարքել է խանութ, և համայնքի խորշորացումից հետո տեղական տուրքը սահմանելու համար իրենից խնդրել էինք՝ ասեր ավտոտնակի մետր քառակուսին, ինքն էլ եկել էր հայտներ խանութի չափերը, որ պատասխանեինք խոշորացված համայնքին»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին:

Զվարթ Պետրոսյան