Ադրբեջանական զորքերի կուտակումները քրիստոնյա Հայաստանի, ՌԴ-ի ռազմավարական գործընկեր Հայաստանի  սահմաններին ավելի շատ թուրքական մեծ ծրագրի մի մաս է և Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դեմ կատարվող քայլ

Ադրբեջանական զորքերի կուտակումները քրիստոնյա Հայաստանի, ՌԴ-ի ռազմավարական գործընկեր Հայաստանի սահմաններին ավելի շատ թուրքական մեծ ծրագրի մի մաս է և Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դեմ կատարվող քայլ

Վերջին շրջանում Հայաստանի սահմանում հակառակորդի զորքերի կուտակումները հայ իրականության որոշակի շրջանակներ փորձում են օգտագործել քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար։ Ոմանք անձնական և քաղաքական շահերից ելնելով, մի մասն էլ հովանավորվելով ինչ-որ կենտրոններից, փորձում են այս ամենը վերագրել Ռուսաստանին՝ տողատակերով, հաճախ նաև ուղիղ կերպով այդ ամենի մեջ մեղադրելով Հայաստանի ռազմավարական դաշնակցին: Նման պնդումները ոչ միայն իրական չեն, այլ նաև վնաս են հասցնում մեր պետականությանը, մեր բանակին, տնտեսությանը և առհասարակ ամեն ինչին: Ադրբեջանական զորքերի կուտակումները քրիստոնյա Հայաստանի, ՌԴ-ի ռազմավարական գործընկեր Հայաստանի սահմաններին ավելի շատ թուրքական մեծ ծրագրի մի մաս է և Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դեմ կատարվող քայլ: Այս ամենը երևում է անզեն աչքով, երբ սկսում ենք ուսումնասիրել կուտակումներից զատ կատարվող այլ գործողությունները: Պատմությունն ակնհայտ խոսում է այն մասին, որ Թուրքիան և Ռուսաստանը միշտ մրցակցության մեջ են եղել Հարավային Կովկասում ազդեցությունը մեծացնելու համար։ Թուրքիան 44-օրյա պատերազմում և դրանից հետո փորձում է դիրքավորվել այս տարածաշրջանում՝ միևնույն ժամանակ դուրս մղելով Մոսկվային։ Ռուսաստանը չի կարող երբեք թույլ տալ Հարավային Կովկասում այլ մեծ խաղացողների, քանի որ այս տարածաշրջանը նրա համար կարևորագույն դարպաս է։ Այժմ հայտարարել, որ Հայաստանի սահմանում կուտակումները և լարվածությունը Ռուսաստանի կողմից են հրահրվում, քաղաքական տգիտություն է, որով մեծ վնաս է հասցվում ՀՀ և ՌԴ հարաբերություններին: Ռուսաստանը չի կարող ինքն իր դեմ ագրեսիա պատրաստել, քանի որ ցանկացած հարձակում առաջին հերթին ՀԱՊԿ-ի, Ռուսական 102-րդ ռազմաբազայի և խաղաղապահների դեմ է, չկա այստեղ որևէ տրամաբանություն։ Հայաստանի սուվերեն տարածքի վրա ցանկացած հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը պետք է իր պարտավորությունների շրջանակում ռազմական բնույթի օգնություն ցույց տա։ Այս կուտակումներն ավելի շատ Հարավային Կովկասում թուրք-ռուսական մրցակցության արդյունք են։ Անկարան ոգևորված որոշակի փաստերից, փորձ է անում Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Թուրքիայի նմանատիպ ճոճանակային քաղաքականությունը Ռուսաստանի համար նորություն չէ: Այս երկիրը երբեք վստահելի դաշնակից չի եղել Մոսկվայի համար։ Ստեղծված իրավիճակն արդեն վաղուց ուսումնասիրում են վերլուծական կենտրոնները, որոնք այս իրավիճակի մասին արդեն ունեն ձևավորած կարծիքներ, հրապարակած վերլուծություններ և զեկույցներ՝ իրենց համապատասխան ինստիտուտների համար: Ռուս-թուրքական այս սառը հակամարտության ժամանակներում պարտավոր ենք մոռանալ քաղաքական հայացքներն ու չվնասենք այն քաղաքական գործընթացները, որոնք բխում են ՀՀ շահերից: Հեղինակ՝ Հովհաննես Կոկոյան