ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց․ պաշտոնյաներ են կալանավորվել

ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց․ պաշտոնյաներ են կալանավորվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների կողմից շինարարական կազմակերպությունների սեփականատերերից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Խաչատրյանը և նույն բաժնի վերահսկման խմբի ղեկավար Արթուր Զարգարյանը նախնական համաձայնություն են ձեռք բերել' հիմնադրամի կողմից ՀՀ մարզերից մեկում դպրոցի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ:

Այնուհետև Ա. Զարգարյանը Հ. Խաչատրյանի հանձնարարությամբ հանդիպել է կազմակերպության համասեփականատիրոջ հետ և նրանից պահանջել ավելի քան 28.000.000 ՀՀ դրամ կաշառք' վերը նշված դպրոցի շինարարության պայմանագիր կնքելուն չխոչընդոտելու, դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքում կապալառու ընկերության օգտին իրենց լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ կատարած աշխատանքների թերությունները չարձանագրելու և շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար:

Պայմանագրի կնքումից հետո' 2021թ.-ի սեպտեմբերին, կապալառու կազմակերպության համասեփականատերն այցելել է Հ. Խաչատրյանի մատնանշած, վերջինիս համար անվտանգ հանդիպման վայր՝ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիր, որտեղ Հ. Խաչատրյանին է տվել նրա պահանջած կաշառքի գումարից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլարը:

2021թ.-ի նոյեմբերի 12-ին կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, Հ. Խաչատրյանը և կաշառք տված անձը բերման են ենթարկվել, իսկ անձնական խուզարկության արդյունքում Հ. Խաչատրյանի մոտ հայտնաբերվել է կաշառքի գումարը։

14.11.2021թ.-ին Արթուր Զարգարյանին և Հայկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վերը նշված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել կապալառու կազմակերպության համասեփականատիրոջը: Քրեական գործով ևս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ' վերը նշված դեպքի հանգամանքներն ու կոռուպցիոն հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: