Դեռ շատ մեղադրանքներ ի հայտ կգան․ Քոչարյանը նորից կհայտնվի ճաղերի հետևում

Դեռ շատ մեղադրանքներ ի հայտ կգան․ Քոչարյանը նորից կհայտնվի ճաղերի հետևում

1in.am-ը գրում է․

 

Վերաքննիչ քրեական դատարանում անցյալ շաբաթ  շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների սահմանադրական կարգի տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումները։

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգքրի 300.1 հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական, և այդ հիմքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարել է. «Եթե մեղադրանքի փոփոխության հնարավորություն ունենայինք, մեղադրանքը փոխված կլիներ: Մեղադրանքը չենք կարող փոխել, որովհետև փաստական հանգամանքների փոփոխություն տեղի չի ունեցել: Մենք հրաժարվել ենք այս գործով որևէ հակաօրինական քայլ անել»:

Սրա հետ բացարձակապես համաձայն չէ տուժողների պաշտպան Սեդա Սաֆարյանը, ով առաջարկում է դատախազը կարող է 309-րդ հոդվածով հետ տանել գործը, վերաձևակերպում անել, նորից բերել: «Վերջնականապես համոզվեցի՝ որևէ մեկը ցանկություն չունի «Մարտի 1»-ի հանցագործության դեպքի հարցի շուրջ քննություն տանել»,-հայտարարել է Սեդա Սաֆարյանը:

Այս առնչությամբ «Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Առաջին լրատվական.-ի հետ զրույցում նշեց. «Այստեղ և դատախազն է մեղավոր, և դատավորը: Բանն այն է, որ 300.1 հոդվածը պետք է նախօրոք ուսումնասիրեին՝ սահմանադրական է, թե հակասահմանադրական: Երկու տարի մենք գնացինք-եկանք, բանից պարզվեց, որ ՍԴ-ն որոշեց, որ դա հակասահմանադրական է: Բայց որակավորման ձև կա՝ 309 հոդվածը՝ պաշտոնական դիրքի չարաշահում: Թող այդ հոդվածով դատեն Քոչարյանին»:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի՝ հաշվի առնելով, որ շատերի գնահատմամբ գործը փակուղում է, Քլոյանը պատասխանեց. «Հիմա դատական բարեփոխումներ են տեղի ունենում, հակակոռուպցիոն կոմիտե են ստեղծում, հուսով եմ, որ դեռ շատ մեղադրանքներ ի հայտ կգան և վստահ եմ, որ նորից Քոչարյանը կհայտնվի ճաղերի հետևում: Ես վստահ եմ, հավատում եմ, եթե ոչ հիմա, ապա շատ շուտով դա տեղի կունենա»:

Ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանը  փորձում է ակտիվացնել իր քաղաքական թիմը, Սարգիս Քլոյանն ասաց. «Դե ընդդիմությունը միշտ էլ խոսում է, դա իր գործն է: Ուզում են նորից իշխանության գան, թող 5 տարի հետո թող 50 տոկոս հավաքեն, գան իշխանության:

Իր հերթին մարտի 1-ին զոհված Հովհաննես Հովհաննիսյանի այրին՝ Լիլիա Մինասյանն ասաց. «Այդ մարդիկ այսօր պետք է ոչ թե լինեին Ազգային ժողովում, այլ բոլորովին ուրիշ տեղ: Եթե հիմա ԱԺ-ում են, ես ինչ կարող եմ ասել:

Եթե իրենք պետք է բանտարկվեին, արդեն հիմա բանտարկված պետք է լինեին, ոչ թե Ազգային ժողովում: Քոչարյան, Օհանյան, Խաչատուրով, բոլորն էլ պետք է նստած լինեին»,-ասաց նա՝ հավելելով, որ այլևս չի հավատում, թե նրանք պատասխան են տալու: