Կառավարությունը մոտ 1 մլրդ դոլար կհատկացնի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար․ նախարար

Կառավարությունը մոտ 1 մլրդ դոլար կհատկացնի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար․ նախարար

Հայաստանի կառավարությունը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով Սյունիքով անցնող միջպետական ճանապարհի Կապան-Գորիս հատվածի հայտնի խնդիրներին:

 

«Դուք գիտեք, որ մենք ունենք նաև շրջանցիկ ճանապարհ (խմբ. - Կապանից Գորիս տանող), որը լավը չէ, բայց որը աշխատող ճանապարհ է, և վատագույն դեպքում մենք, այսպես ասած, «Պլան Բ»-ն ունենք: Մենք հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի այդ ճանապարհն անցնելու համար դառնա ավելի հարմար: Ինչպես նաև գիտեք, որ «Հյուսիս-Հարավ»-ի Քաջարան-Սիսիան հատվածի առումով արդեն շատ մոտ ենք գործնական, խոշոր քայլեր անելուն: Կառավարությունն, իմիջիայլոց, նախատեսում է մոտավորապես 1 մլրդ դոլար (487 մլրդ դրամ) ներդնել Քաջարան-Սիսիան հատվածի շինարարության մեջ», - լրագրողներին հայտնեց Էկոնոմիկայի նախարարը:

Քերոբյանը չի կարծում, թե միջպետական ճանապարհին Ադրբեջանի առաջացրած խնդիրների պատճառով Իրանը կդադարեցնի բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով՝ դեֆիցիտ առաջացնելով տնտեսության մեջ:

«Ես շատ լավ գիտեմ Իրանի հետ առևտրի բաղադրությունը, բայց չեմ կարծում, որ խոշոր չափի պրոբլեմ կա: Իհարկե, խոչընդոտ է առաջացել, և վստահ եմ՝ այդ խոչընդոտը կհաղթահարվի շատ մոտ ապագայում», - նշեց նախարարը:

Խնդիրները Սյունիքի միջպետական ճանապարհին սրվել էին օգոստոսի վերջին, երբ ադրբեջանական զինուժը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի՝ պատերազմից հետո իր հսկողության տակ անցած Կարմրաքար-Շուռնուխ և Գորիս-Որոտան հատվածները: