Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

vnews.am-ը գրում է.

 

Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում, զինծառայողի ընտանիքում:

Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը, այնուհետև' Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը: Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։

Օրիորդական ազգանունն է՝ Դադայան:

Ունի երկու դուստր' Անուշն ու Սաթենիկը եւ հինգ թոռնիկ' Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը:

Ռիտա Սարգսյանը նաև երգեր էր հեղինակում. Հայոց բանակի 24-րդ տարեդարձին նվիրված համերգի ընթացքում Ռազմիկ Ամյանը կատարել է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հեղինակած երաժշտությամբ և Ավետ Բարսեղյանի խոսքերով գրված օրորոցային նոր երգը՝«Լուսավոր երազ»: Երգը նվիրված է 2014թ. հուլիսի 31-ին հակառակորդի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս զոհված Ազատ Ասոյանի հիշատակին:

Ռիտա Սարգսյանը 2010 թվականից «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին և 2017 թվականի դրությամբ աջակցում է 495 երեխայի: Հիմնադրամի և Առաջին տիկնոջ ջանքերով լիովին վերակառուցվել և վերազինվել է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ գործում է տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա:

2011 թվականին Ռիտա Սարգսյանը ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Հիմնադրամի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով զույգերին՝ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Մինչ օրս «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ աշխարհ է եկել 300 երեխա:

Ռիտա Սարգսյանի ջանքերով 2012 թվականի ապրիլի 2-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը: Առաջին տիկինը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: «Աուտիզմ» հիմնադրամի միջոցներով կառուցվել է դպրոց, որտեղ հաճախում է աուտիզմ ախտորոշում ունեցող 200 երեխա:

Առաջին տիկնոջ հովանու ներքո անցկացվել են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթները, «Վերադարձ» միջազգային մրցույթ-փառատոնը, «Վերածնունդ» դասական երաժշտության փառատոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան միջազգային փառատոնը, «Նոր անուններ» մանկական միջազգային մրցույթ-փառատոնը, «ԱրմՄոնո» թատերական միջազգային փառատոնը, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոնը և բազմաթիվ այլ միջոցառումներ:

2020 թվականի նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել էր Covid-19: Նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրեց, որ Ռիտա Սարգսյանը մահացել է: