Կյանքից հեռացել է Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր Հարություն Թոփիկյանը

Կյանքից հեռացել է Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր Հարություն Թոփիկյանը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից խոր վշտով հայտնում են, որ համաճարակի հետևանքով 69 տարեկանում հոկտեմբերի 26-ին կյանքից հեռացել է հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։

Հարություն Թոփիկյան դիրիժորի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976 թ.՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ:

1973-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

1982 թ. Թոփիկյանը արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակի:

1983-1991 թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը մեծ հաջողությամբ հանդես է եկել միջազգային ասպարեզում: 1987 թ. Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ունեցած UVENTUS հեղինակավոր մրցույթին, 19 միութենական երգչախմբերի մեջ «Կոմիտասը» գրավել է առաջին տեղը:

1989-1991 թթ. Թոփիկյանը եղել է BRIDGES OF SONG միջազգային փառատոնի կազմակերպիչ-անդամ: 1991 թ. Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած BRIDGES OF SONG TALLINN 91 փառատոնին արժանացել է 20.000-անոց երգչախումբը ղեկավարելու պատվին՝ կատարելով «Հայրապետական օրհներգը»:

1991-1994 թթ. Լիբանանի Բեյրութ քաղաքում վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:

1996 թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

2000 թ. Գլենդելում կայացած 3-րդ ամենամյա հայկական երգի մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ավանդական ալբոմ» մրցանակը շնորհվել է Երևանի պետական կամերային երգչախմբի «Կոմիտաս Վարդապետի երգերը» սկավառակին: Երգչախմբի' Թոփիկյանի դիրիժորությամբ շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում:

2012-ից ղեկավարել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական կազմից բաղկացած «Սեբաստացիներ» երգչախումբը։ Երգչախումբը հանդես է գալիս գործող և խոնարհված եկեղեցիներում, այլ հուշարձանների և թանգարանների տարածքներում, գյուղական, քաղաքային հրապարակներում, համերգային դահլիճներում՝ նպաստելով մանկավարժական երգչախմբերի ստեղծմանը։

Մաեստրո Հարություն Թոփիկյանը հաճախակի համագործակցել և նպաստել է երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների խմբավարական ստեղծագործությունները ներկայացնելուն։ Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի:

2013 թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:

2014-ից «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ էր։