Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ. մարզպետ

Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ. մարզպետ

Գեղարքունիքի մարզում վնասվել են շուրջ 40 առանձնատներ, 2 դպրոց Կութ և Սոթք համայնքներում։ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն տունն ամբողջովին փլուզվեց, այլև հարակից գազատարը վնասվեց, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որոնք բերում են նրան, որ գյուղատնտեսական աշխատանքները կատարելու խնդիր կարող է առաջանալ և առաջացել» ,- ասաց նա:

Սանոսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզի բնակչությունը, ընդհանուր առմամբ, առաջին օրերից հետո սկսել է նաև սովորել հակառակորդի կողմից իրականացվող գործողություններին, և բավական լավ քաղպաշտպանության է անցել և դրա արդյունքում կարողանում է խուսափել ավելի մեծ թվով վիրավորներից և զոհերից։

«Մինչ այս պահը մարզում խոցվել է 18 ԱԹՍ։ Ուզում եմ ընդգծել, որ դրանք միայն Վարդենիսի տարածաշրջանում չեն խոցվել, խոցվել են նաև Մարտունու և Գավառի տարածաշրջաններում»,- ասաց  Գնել Սանոսյանը: