Անխղճաբար «խորը էտի» է ենթարկվել 3 հացենի տեսակի ծառ. Լոռու մարզպետարանը հետևողական է լինելու, որպեսզի հեղինակներն անպայման պատասխանատվություն կրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Անխղճաբար «խորը էտի» է ենթարկվել 3 հացենի տեսակի ծառ. Լոռու մարզպետարանը հետևողական է լինելու, որպեսզի հեղինակներն անպայման պատասխանատվություն կրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզպետարանի կողմից հնչեցված ահազանգի հիման վրա այսօր մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պաշտոնյաների հետ միասին ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի մասնագետները եղան Վանաձորի Բանակի փողոցում. այստեղ՝ «Գեվ Մարկետ» խանութի հարևանությամբ անխղճաբար «խորը էտի» է ենթարկվել 3 հացենի տեսակի ծառ: Վանաձորի համայնքապետարանը ներկայացնող պաշտոնյան՝ կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի առաջատար մասնագետ Էդվարդ Բաղրամյանը նույնպես հրավիրված էր պարզաբանումներ ներկայացնելու հարցի վերաբերյալ: Վերջինս վստահեցրեց, որ համայնքապետարանը տեղեկացված չի եղել և որևէ թույլտվություն չի տվել: Լոռու մարզպետարանի մասնագետների ներկայացմամբ, մի բան հստակ է. այս եղանակին ծառերի էտ չի իրականացվում, ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, ապա սա անգամ խորը էտ անվանել չի կարելի, որովհետև նույնիսկ անզեն աչքով տեսանելի է՝ ծառերի վերաճ կարող է և տեղի չունենալ. դա պարզ կլինի միայն մայիս ամսին: Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրեցին ծառերի չափագրում, համապատասխան ուսումնասիրություններ: Նաև նշեցին, որ կկազմվի արձանագրություն, այնուհետ համապատասխան ընթացակարգերով կդիմեն համայնքապետարանին և իրավապահ մարմիններին՝ գործին հետագա ընթացք տալու նպատակով: Իսկ մինչ այդ Լոռու մարզպետարանը հետևողական է լինելու, որպեսզի նմանօրինակ արարքի հեղինակներն անպայման պատասխանատվություն կրեն, և այսպիսի երևույթներ մարզում այլևս չկրկնվեն: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/09/15/1164633/