Հայկական պարը Հայաստանից դուրս հաղթանակներ է գրանցում (լուսանկարներ)

Հայկական պարը Հայաստանից դուրս հաղթանակներ է գրանցում (լուսանկարներ)

ՌԴ-ում գործող «Վանուշ Խանամիրյանի անվան «Արատտա» պարային անսամբլը» արդեն մոտ 6 տարի է ինչ ստեղծվել է։ Անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց  Գևորգ Քեշիշյանը 2014 թվականին ստեղծելով անսամբլը, դրա գործունեության համար, որպես նպատակ է դրել ՌԴ-ում ապրող հայերին հայ պահելու, որպես հայ դաստիարակելու գաղափարը:

Անսամբլը միջազգային մրցույթներում բազմիցս հաղթանակներ է տարել: Իր գործունեության ընթացքում հանդես է եկել նաև բարեգործական տարբեր ծրագրերում:

Առաջին մրցանակին անսամբլն արժանացել է ստեղծումից 3 ամիս անց՝ Հայաստանում մասնակցելով «Happy Planet» միջազգային մրցույթին:  Հենց այս հաղթանակից հետո էլ  «Արատտան»  սկսում է իր հաղթարշավը:

Արդեն 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում մասնակցելով  միջազգային Super Star մրցույթին գրավում են  առաջին տեղը և ստանում «Լավագույն բեմադրություն» նոմինացիան: 2016-ին Մոսկվայում «Արտիստիկ պարեր» միջազգային ֆեդերացիայի կողմից  կազմակերպված Եվրոպայի առաջնությանը ցուցադրելով երկու ներկայացում՝ «Արատտան»  դառնում է կրկնակի չեմպիոն:

6 տարվա ընթացքում «Արատտան» ունեցել է 3 մենահամերգ, որից մեկը անսամբլի գործունեության 5 ամյակին նվիրված՝

«Ինձ բացակա չդնեք» խորագիրը կրող մենահամերգն է եղել: Այն  կայացել է  2019 թվականի դեկտեմբեր ամսին և  նվիրվել է Արցախյան ազատամարտի հերոսների՝ կրել բարեգործական բնույթ։ Մենահամերգներից մեկն էլ նվիրվել է Վանուշ Խանամիրյանի 90 ամյակին։ Համերգին Հայաստանից ներկա են եղել  ազգագրական երգիչ երգահան Արա Այվազյանը, համերգը վարել է Հմայակ Հակոբյանը: Միջոցառմանն աջակցել են Մոսկվայի կիրակնօրյա «Նոյ դպրոցը», «Մինասյան քեյք»-ը:

Գլխավոր աջակիցը եղել է Կարեն Գևորգյանը: Մերձմոսկովյան խմբերից բարեգործական համերգին մասնակցել է «Կիլիկիա մեր տուն»  և«Արարատ» պարի խմբերը:

«Արատտան» գործունեությունը ծավալում է հիմնականում Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում, ունի մոտ 10 մասնաճյուղ և նոր առաջարկներ է ստացել այլ քաղաքներից, որպեսզի նոր խմբեր ստեղծի։ Գևորգ Քեշիշյանը նպատակ ունի խումբը ընդլայնելու՝ մինչև անգամ Հայաստան հասնելու։  Անսամբլն իր ճանապարհն սկսել է 6 աշակերտով և այսօր արդեն ունի 150 աշակերտ, սա արդեն իսկ մեծ ձեռքբերում է համարում հիմնադիրը։

Անսամբլը  Մոսկվայում կազմակերպվող բարեգործական համերգների մշտական մասնակիցն է․

«Նույնիսկ եթե զբաղված ենք լինում, ուրիշ մասնաճյուղ ենք  ուղարկում, բայց եթե հարցը  բարեգործությանն է վերաբերում, մենք պարտադիր մեր ներդրումը ունենում ենք:  Որպես սկզբունք ենք որդեգրել՝ անպայման մասնակցել բարեգործական համերգներին և դա առաջին հերթին իմ հոգու հանգստության համար է։ Այս  կյանքում ոչ մեկ ապահովագրված չէ վատ բաներից ու եթե օգնություն է պետք, եթե մարդիկ դիմել են, եթե հնարավորություն ունես՝ ինչի՞ չօգնես»,-ասում է Գևորգ Քեշիշյանը հավելելով, որ նման համերգներ նախատեսում են ունենալ Ռուսաստանի տարբեր քաղաքներում, իսկ առաջիկա տարում ՝ Հայաստանում։

Այս տարի մայիսի 31-ին «Արատտան» իր 4-րդ մենահամերգով հանդես կգա, որը նույնպես կկրի բարեգործական բնույթ։

«2020 թվականին անսամբլը մեծ պլաններ ունի իր առաջ դրված, որոնք պետք է կատարի»,- ասում է հիմնադիրը։

Անսամբլը պատրաստվում Է մարտին մասնակցել Եվրոպայի առաջնությանն ու Մոսկվայում կայանալիք «Լավագույններից լավագույնը» միջազգային մրցույթին:

Ապրիլին կներկայացնի «Հայոց ցեղասպանութուն» պարի տեսահոլովակը, որը կնվիրի ցեղասպանության 105 ամյակին:

Այս տարի կնկարահանվի նաև անսամբլի գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմ:

Այսօր «Արատտան» արդեն վեցակի Գրան պրիակիր է միջազգային մրցույթներում, ունի բազմաթիվ առաջին հորիզոնականի հաղթանակներ:

«Մեզ համար երբեք ինքնանպատակ չէ մրցույթներին մասնակցելը և գոյություն չունի այն խոսքը, որ կարևորը մասնակցությունն է։ Այո՛, մասնակցությունը կարևոր է, բայց հաղթանակն ավելի ենք կարևորում»,-ասում է Գևորգ Քեշիշյանը:

Նրա խոսքով՝ «Արատտան» չի պատրաստվում երբևիցե զիջել իր դիրքերը։