Գրադարանները, թանգարանները կվերաբացվեն

Գրադարանները, թանգարանները կվերաբացվեն

Գրադարանները, թանգարանները կվերաբացվեն, կթույլատրվի թատերահամերգային և մշակութային բացօթյա միջոցառումների անցկացումը։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ առաջիկա օրերին կհրապարակվեն ուղեցույցներ գրադարանների և թանգարանների վերաբացման դեպքում գործող կանոնների մասով։ «Ինչ վերաբերում է թատերահամերգային և մշակութային միջոցառումներին, ապա նախատեսվում է այս փուլում դրանց բացօթյա գործունեությունը։ Ներկայումս վերջնականացվում են նաև այս մասով կանոնները։ Այս ոլորտների սահմանափակումների մեղմումը ոչ միայն պայմանավորված է կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանությամբ, այլև այն համոզմամբ, որ մշակույթն ու արվեստը թերևս կօգնեն մի փոքր ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունը»,- ասաց նա։

 

Ըստ Ավինյանի՝ այս փոփոխությունները կարող է ընդգրկել նաև անհատ կատարողների մասով մեղմացումները։ «Խոսքս վերաբերում է ռեստորանային և միջոցառումային ասպարեզում երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին և այլ գործիչներին, որոնց հնարավորություն կտրվի բացառապես բացօթյա հատվածներում և բացառապես կանոնների պահպանմամբ կազմակերպել գործունեություն»,- հավելեց փոխվարչապետը։