Հուլիսի 17-ի ժամը 22.25-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Կապան քաղաքի հանգստի կենտրոններից մեկում դանակահարել են հորը, հորաքրոջ ամուսնուն և հորեղբորը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ահազանգով ոստիկանության Կապանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ նշված վայրում հանգստացող երկու խմբերի միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքներ է պատճառել Քաջարան քաղաքի երեք բնակիչների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել մի կողմից՝ Կապանի վեց, մյուս կողմից՝ Քաջարանի չորս բնակչի միջև: Վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի ու փոխադարձ հայհոյանքների. արդյունքում տևական ժամանակ խախտվել է հասարակական կարգը: Այդ ընթացքում էլ Կապանի 27-ամյա բնակչուհին սեղանից վերցնելով խոհանոցային դանակը՝ հարվածել է քաջարանցի երեք տղամարդկանց, որոնցից մեկն էլ ընկնել ու կոտրել է դաստակը:
Վիճաբանության կապանցի մասնակիցները ներկայացվել են բաժին: Դանակահարողը և երեք անձ ձերբակալվել են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: