Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Խնածախ գյուղի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «Infiniti» և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի թիվ 55 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալբերտ Առաքելյանը, պարեկ Արմեն Սաղոյանն ու կրտսեր պարեկ Արթուր Մկրտչյանը։
Ժամանել է նաև Ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին Ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։