ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ մայիսի 18-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու դիմաց հնչած կրակոցների, սպանության փաստով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ երկու անձ, որպես կասկածյալ ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, իրականացվել են հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, որի արդյունքում հենց նշված անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել են։
Պարզվել է, որ եկեղեցու բակում հոգեհանգստի արարողության ժամանակ Արսեն Հունանյանի ուղղությամբ կրակոցներ է արձակվել 3 հատ։ Հենց եկեղեցու բակում էլ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ և արնանման հետքեր, իսկ արդեն եկեղեցուց մոտ 1 կմ հեռավորության վրա՝ հարակից փողոցներից մեկում, ոստիկանները, պարեկներն ու քննիչները հայտնաբերել են հետևի հատվածում վնավասծ «Opel» մակնիշի ավտոմեքենա, «Opel»-ից մի քանի մետր հեռավորության վրա Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրուն Ավետյանի դին։
Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ փողոցի սկզբնամասում՝ ատրճանակից կրակված 6 պարկուճ։
Մինչ դեպքի վայրում աշխատել են քննիչներն ու փորձաքրեագետները, պարեկները Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դեպի Երևան ընթացող հատվածում հայտնաբերել են «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա՝ առջևի հատվածը ամբողջովին վնասված։
Իրավապահներն ունեն հավաստի տեղեկություններ և վստահ են, որ հենց նշված ավտոմեքենայով են եկեղեցու բակից հետապնդել սպանություն կատարողին, ով եղել է նշված «Opel» մակնիշի ավտոմեքենայով։
«Opel»-ը քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չի հրապարակվում։ Նշվում է, որ միջադեպի հիմնական վարկածներից մեկը վրեժխնդրությունն է՝ «վենդետան»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 18-ին կրակոցներ և սպանություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։