Սրբապղծություն Գեղարքունիքի մարզում

Սրբապղծություն Գեղարքունիքի մարզում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ սրբապղծություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ճիվաղը կամ ճիվաղները Լճաշեն գյուղում մտել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Ավետիք Վարդանյանի որդու՝ Վրույր Վարդանյանի տուն և այնտեղից հափշտակել  «Բաքսի» տեսակի ջեռուցման կաթսա և թվով  72 հատ ջեռուցման համար նախատեսված մարտկոցներ:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կատարված գողության մասին ոստիկանության Սևանի բաժին այսօր են օպերատիվ տեղեկություններ ստացվել ու քիչ առաջ   ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Ա. Մխեյանի գլխավորությամբ  ժամանել են դեպքի վայր:

 

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը վերանորոգվում էր և այն պատկանում էր Արցախյան  44-օրյա պատերազմում  նահատակված, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան  եկած ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ծառայության մեկնած, 24-ամյա Վրույր Ավետիքի Վարդանյանին:

 

Ծնողները  վերանորոգում  էին հերոսի տունը, գողության մասին էլ հերոսի հարազատները չեն ցանկացել հայտնել իրավապահներին, իսկ տեղեկությունները օպերատիվ ճանապարհով ստացել են Սևանի ոստիկանությունում:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտեու, սրբապիղծ գողին կամ գողերին ու գողոնը հայտնաբերելու  ուղղությամբ:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հերոսի ընտանիքին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վաս:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: