Արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք

Արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք

Լոռու մարզկենտրոն Վանաձորում մեկնարկել  են ՏԻՄ ընտրությունները՝ համամասնական ընտրակարգով։ Վանաձորն այս անգամ մասնակցում է որպես խոշորացված համայնք. Այն ընդգրկում է Վանաձորը, Գուգարքը, Շահումյանը ու Դարպասը։

 

ՏԻՄ ընտրությանը մասնակցում է 10 քաղաքական ուժ։ Ընտրողների ընդհանուր թիվը 93 838 է, կազմավորվել է 63 ընտրատեղամաս, դրանցից 58-ը տեղակայված են Վանաձոր բնակավայրում, 3-ը՝ Գուգարքում, մեկական տեղամասեր էլ՝ Շահումյան և Դարպաս բնակավայրերում։

 

Վանաձորում մասնակցում են հետևյալ 10 ուժերը՝

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը. ցուցակի առաջին համարը Վանաձորի փոխքաղաքապետ անկուսակցական Արկադի Փելեշյանն է,

 

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը. համայնքապետի թեկնածուն՝ Կարեն Էդարյան,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետ, նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը։

 

«Հանրապետություն» կուսակցությունը ևս առաջադրվել է. ցուցակով առաջին համարը Վազգեն Թորոսյանն է,

«Ապրելու երկիր» կուսակցությունն Արտավազդ Ալավերդյանի թեկնածությունն է առաջադրել, «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը,

 

«Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանն է,

 

«Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու Էդգար Բոջուկյանն է, իսկ Վանաձորի արդեն նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրությունների է եկել «Մամիկոն Ասլանյան» դաշինքով, որի կազմում «Ազատ Դեմոկրատներ» և նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցություններն են։

Վանաձորում քաղաքական պայքարում է նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը. համամասնական ցուցակը գլխավորում է քաղաքական ուժի կենտրոնական կոմիտեի քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։

Այսօր ընտրություններ են նաև Լոռու Թումանյան խոշորացված համայնքում։

 

Թումանյան համայնքի հետ միավորվել է ութ գյուղ, պայքարի մեջ է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետություն» կուսակցությունը։ Փամբակ խոշորացված համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ են։ Այդ խոշորացված համայնքը միավորում է 15 գյուղ։ Մասնակցում են ՔՊ-ն և ԲՀԿ-ն։

 

Վանաձորի 23/46 ընտրատեղամասում իր ընտրությունը կարող է կատարել 1332 քաղաքացի։

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ առայժմ ընտրատեղամասում նկատվում է փոքր ինչ պասիվություն, քանի որ մարդիկ նոր են արթնացել։

 

«Ընդհանուր ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չունենք»,- ասաց Համլետ Գասպարյանը՝ նշելով, որ առայժմ քվեարկել է 41 ընտրող։

 

Սակայն, Վանաձորում արդեն գրանցվել է խախտում ՝ քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք:

 

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ եւ Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: