Գագիկ Խաչատրյանի ազգականի սարսափելի մահվան նոր հանգամանքները (տեսանյութ)

Գագիկ Խաչատրյանի ազգականի սարսափելի մահվան նոր հանգամանքները (տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի,  52-ամյա Արսեն Խաչատրյանը իր վարած  Mercedes  մակնիշի ավտոմեքենայով  Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում մխրճվել է տախտակով բարձված MAZ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար  Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն  ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Նաիրիի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հենրիկ Սեթոյանը: Ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Կարեն Սուքիասյանը: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը  տեղեկությունը  փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և բեռնատարի վարորդի ամբողջական տվյալները: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ  մահացածը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատյանի  ազգականն էր: