Արտակարգ դեպք Երևանում

Արտակարգ դեպք Երևանում

sshamshyan.com-ը գրում է․

 

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող Հայաստանի բանկերից մեկի մասնաճյուղի ազդանշանային ահազանգը միացել է։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արաբկիրի պահպանանության բաժնի ծառայողները։  Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

 

Ոստիկաններն ու պարեկները նշված բանկի պատուհանը հայտնաբերել են կոտրված և նկատել են, որ ներսում քաղաքացի կա։

 

Ոստիկանները, մտնելով ներս, կարողացել են այդ քաղաքացուն վնասազերծել, որից հետո օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ոստիկանների ուղեկցությամբ այդ քաղաքացուն տեղափոխել են «Արմենիա բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանոթյան Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ոստիկանությունը պարզում է բանկի մասնաճյուղի ապակին կոտրող և այնտեղ ներխուժած քաղաքացու ինքնությունը։ Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: