«Բոռա» ռեստորանային համալիրի հետնամասում 3 դանակահարվածներից մեկը մահացել է (տեսանյութ)

«Բոռա» ռեստորանային համալիրի հետնամասում 3 դանակահարվածներից մեկը մահացել է (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  սեպտեմբերի 15-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է 67-ամյա Արամայիս Բադալյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս  նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի  25-ին  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող  «Բոռա» ռեստորանային համալիրի  հետնամասում Երևանի բնակիչ,  41-ամյա Արման Եղիազարյանի կողմից դանակահարվելու հետևանքով:

 

Այդ օրը հիվանդանոց էին տեղափոխվել նաև Երևանի բնակիչներ, 23-ամյա Էրիկ Սիմոնյանն ու 26-ամյա Տիգրան Գրիգորյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոսոտոսի 25-ին վիճաբանություն, ծեծռկտուք և դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։ 25-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Տիչինայի փողոցի «Բոռա» ռեստոանային համալիրի հետնամասում դանակահարված քաղաքացիներ կան։

 

Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանաար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում և դրան հարակից տարածքոմ հայտնաբերել են դանակահարված՝ Երևանի բնակիչներ, 67-ամյա Արամայիս Բադալյանին, 23-ամյա Էրիկ Սիմոնյանին և 26-ամյա Տիգրան Գրիգորյանին։

 

 

Օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ճիշտն ասած, չգիտենք՝ ինչ պայմաններով, ով և ովքեր են դանակահարություն կատարել, միայն տեսանք, որ Երևանի ոստիկանության պարեկները իրենց ավտոմեքենաների միջից հանեցին վիրակապեր ու վազեցին վիրավորների ուղղությամբ։ Պարեկները 2-րդ գումարտակի 3-րդ վաշտից էին՝ Գարեգին Մադաթյանն ու Հրայր Սանոսյանը, ովքեր միչև բժիշկների ժամանումը, շատ շուտ եկան, վիրակապեցին վիրավորներին, առաջին օգնությունը ցուցաբերեցին, ապա քաղաքացիների օգնությամբ վիրավորներին տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենաները։ Հետո արդեն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան»։ Ահազանգով դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մխիթար Բաղդասարյանի գլխավորությամբ։

 

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի