Արտակարգ դեպք Ապարանում․ «Զազո» ցլիկին ու «Զուզու» հորթուկին ոստիկանները տեղափոխեցին «պլաշադկա»

Արտակարգ դեպք Ապարանում․ «Զազո» ցլիկին ու «Զուզու» հորթուկին ոստիկանները տեղափոխեցին «պլաշադկա»

shamshyan.com-ը գրում է․

 

Այսօր, օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

 

Մինչ հրշեջ-փրկարարաների ժամանումը քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել 1 հոգու, ով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ հրշեջ-փրկարարաները, օգտագործելով հատուկ տեխնիկա ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, որով տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն։

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը; Երբ փրկարարները բացել են բեռնախցիկը, որպեսզի գազբալոնը փակեն, այնտեղ հայտնաբերել են հորթուկի, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է ցլիկ։ 

 

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև ձեռնոցներ և երկաթյա լինգ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամատաար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վ․ Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է որ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ և ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության համայնքային և հետքննական բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգ Ալեքսանյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Ալբերտ Խաչատրյանը, իսկ նրա հետ հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Արշակ Այվազյանը։  Ոստիկանները ճանապարհային ոստիկանների հետ պարզել են նաև, որ անասունները նրանք գողացել էին։

 

Ժամերի ընթացքում տաք հետքերով պարզել են, որ անասունները պատկանում են Քուչակ գյուղի բնակիչ 64-ամյա Գառնիկ Պողոսյանին։ «Ապարան» բժշկական կենտրոնից Ա․ Խաչատրանը անգիտակից վիճակում տղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

 

Պարզվել է նաև, որ նար 06-ով բախվել է Բաղրամյան փողոցում «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկի դիմաց կայանված MAN մակնիշի ավտոքարշակին։ Ավագ հետաքննիչ Վ․ Էլոյանի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին․ «Ցավալի է, որ վթար է տեղի ունեցել, բայց երևի լավ էր, Զազո ցլիկը և Զուզու հորթուկը սաղ մնացին։

 

Բժիշկները կպայքարեն գողերի կյանքի համար։ Բայց այս դեպքը գալիս է ապացուցելու, որ հարամ բան պետք չի անել։ Մարդու ապրուստի միջոցը գողանում ես, որ ի՞նչ անես։ Թեպետ ունենք տեղեկություններ, որ Արշակը մի քանի անգամ նմանատիպ գողություններ է կատարել։

 

Ու այսօր քննչականում է եղել, քննիչի մոտ ցուցմունք տալուց։ Քննիչն էլ բաց է թողել։ Մարդն էլ երևի մտածել է, հո դատարկ չեմ եթա գյուղ։  Բռնել քրտինքով ապրող մեր համագյուղացու Զազո ցլիկին ու Զուզու հորթուկին գողացել են»։ 

 

Գողության փաստով ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննական բաժանմունքում ավագ հետաքննիչ Նարեկ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Զազոյին ու Զուզույին տեղափոխել են ոտիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ առավոտյան ոստիկաններն արդեն տուժած Գ․ Պողոսյանին հայտնել են, որ կարող է ներկայանալ ոստիկանության Ապարանի բաժին, որպեսզի նրան փոխանցեն անասունները։  

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: