Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում.կան զոհեր և վիրավորներ

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում.կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:   Ժամը 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, Ջարդիձոր կոչվող հատվածում, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի՝ որոնցից մեկը ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց:  

 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:   Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շիրակի մարզային  վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Արթուր Բդոյանը:   Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:   Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:   Հրշեջ-փրկարարները դիերը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին և սահմանազատել տարածքը:   Ոստիկանությունը ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

 

  Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: