Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ակունք համայնքի Կապուտան վարչական շրջանի բնակիչներն ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ կա։

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ահազանգողներն ասում էին. «2 ժամից ավելի սպասել ենք, որպեսզի ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննրական բաժնի քննիչները բարեհաճեն։ Զանգահարում, ասում ենք՝ կասկածելի դեպք է տեղի ունեցել, օպերատիվորեն ժամանելու փոխարեն նամազ են անում։

 

Ստիպված վարչական շրջանի ղեկավար Սերոբ Միքայելյանն է ահազանգել, որ նոր 1 ժամ հետո ոստիկաններն ու քննիչները բարեհաճել են ժամանել։ Որոշ ժամանակ անց ժամանել են նաև ոստիկանության ղեկավար կազմից»։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ակունք համայնքից Կապուտան գյուղ տանող վերջնամասի՝ գլխավոր ճանապարհից դեպի Հատիս գյուղ տանող ճանապարհահատվածում՝ դաշտամիջյան վայրում, հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

 

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այդ դեպքից հետո, հավանաբար, հետևություններ կանեն, թե ինչն է պատճառը, որ Կոտայքի մարզի «մեծն» ոստիկաններն ու քննիչները միայն ժամեր հետո են բարեհաճել դեպքի վայր, իսկ հետո էլ ասում են, թե իրավիճակ է փոխվել, ոստիկաններն ու քննիչներն օպերատիվորեն արձագանքում են քաղաքացիների ահազանգերին։

 

Մարզի ոստիկանապետ Արթուր Զոհրաբյանը, մարզի քննչական վարչության պետն ու Կոտայքի քննչական բաժնի պետը, որ դեպքի վայր կարող էին հասնել 10-20 րոպեի ընթացքում, ժամանել են ժամեր անց։ 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: