Պայթյուն Երևանի կենտրոնում. կան զոհեր (տեսանյութ)

Պայթյուն Երևանի կենտրոնում. կան զոհեր (տեսանյութ)

Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում  տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը՝ առանց հրդեհի բռնկման։ Վնասվել է մոտակայքում գտնվող դիզելային վառելիքի տարայի (մոտ 20 տ տարողությամբ) արտաքին հատվածը՝ մասամբ (մոտ 20 քմ)․ վառելիքի արտահոսք չկա։ Տեղազննման արդյունքում տարածքով անցնող գազատար խողովակից արտահոսք չի հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Դ․ Գ․-ն (մոտ 65 տարեկան) և Ս․ Բ․-ն (ծնված 1970 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։

Փրկարարները տուժած է․ Ե․-ին (ծնված 1979 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: