Ողբերգական ավտովթար  Հայաստանում.մեքենան հայտնվել է ձորում. կա զոհ և վիրավոր

Ողբերգական ավտովթար Հայաստանում.մեքենան հայտնվել է ձորում. կա զոհ և վիրավոր

Այսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:  

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:   Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատապես կարևոր գործերով ավագ քննիչ  Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ:  Փաստի առթիվ Հ. Մանուկյանի որոշամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ  սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Եղիազարյանն ու Ռոմիկ Նազարեթյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն ճանապարհին և չստեղծեն ոչ միայն վթարային իրավիճակ,  այլև նաև խցանում:  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի