Արտակարգ․Գյումրիում շտապօգնության աշխատակից է դանակահարվել

Արտակարգ․Գյումրիում շտապօգնության աշխատակից է դանակահարվել

Երեկ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Երեկոյան դանակահարվել է 37-ամյա Գագիկ Խաչատրյանը: Նախնական տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Բուլվարային թաղամասում: Նա աշխատում է Գյումրու Շտապբուժօգնության կայանում որպես վարորդ: «Հայկական ժամանակի» հետ զրույցում կայանի տնօրեն Արթուր Մանուկյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ոչ աշխատանքային ժամի, իրենց աշխատակիցն այդ օրը ծառայության չի եղել:

 

Որքան տնօրենին հայտնի է, դանակահարությունը վիճաբանության հետևանք է: «Ինչքան գիտեմ իր ավտոտնակի դիմաց է կատարվել, կենցաղային հարցով վեճ է ծագել, իր անձնական մեքենան կայանելուց հետո, ես այլ ամնրամասներ չգիտեմ»,- ասաց տնօրենը:

 

Դանակահարվածին Գյումրի ԲԿ են տեղափոխել հարազատները: Ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, տղամարդն ընդունվել է թափանցող վնասվածքով, կատարվել է վիրահատություն: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս պահին, տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:

 

Մեզ հետ զրույցում ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանն ասաց հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասին հատկանիշերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Կատարվում են համապատասխան քննչական-դատավարական գործողություններ: Հետաքննական մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն՝ դեպքի հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ:

 

Ներկա պահին կասկածյալ չկա: Ըստ դատախազի, մինչ այս պահը հնարավոր չի եղել հարցաքննել տուժածին՝ վերջինիս առողջական վիճակով պայմանավորված: