Երեկ՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում Կապանի բնակիչ, 59-ամյա Սարգիս Ս.-ն իր վարած УАЗ 3909 մակնիշի ավտոմեքենայով Հալիձոր թաղամասում վրաերթի է ենթարկել Կապանի բնակիչ, 61-ամյա Արծրունի Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդանյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Սարգիս Ս.-ն աշխատում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում՝ տրանսպորտի բաժնի պետ, իսկ մահացած Արծրունի Մ.-ն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի