Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ)

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Ավետիսյանի կողմից ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունվարի 12-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշտարակի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը «Երազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով Երևանի բնակիչ, 65-ամյա Վարդան Մարտիրոսյան էր, իսկ Mercedes-ը , որը բախվել է իր առջևով ընթացող «Երազ»-ի հետնամասին, ինչն էլ դարձել է «Երազ»-ի կողաշրջվելու պատճառ, վարել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ, 22-ամյա Պարգև Բաղդասարյանը, ով ավտովթարից հետո որոշ ժամանակ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել էին Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել էր, վարորդն էլ տեղում մահացել էր։

 

 

Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Ստեփան Սուքիասյանի և Նարեկ Ավետիսյանի գլխավորությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի