Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր

shamshyan.com-ը գրում է․

 

Այսօր, հունվարի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են VAZ 2107 և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել «Սպիտակի» հիվանդանոցի բժիշկները։ Վիրավորների մի մասին տեղափոխել են շտապօգնության մեքենայով, մի մասին էլ քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և նույն վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Մնացական Փանոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Երեմ Դանիելյանի գլխավորությամբ։

 

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 

Ժամանել են նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վահե Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: