Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունվարի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Մանվել Սարգսյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Մ. Սարգսյանը, մյուս ուղևորներ, նրա եղբայրը, նույն գյուղի բնակիչ, 45-ամյա Միքայել Սարգսյանը և նրա հայրը, նույն գյուղի բնակիչ, 72-ամյա Նուրադին Սարգսյանը:
Հիվանդանոցում Մ. Սարգսյանը մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, նա Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տնօրենն էր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 2-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում, Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթեևեկելի գուտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարների հետ, տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին հիվանդանոց էր տեղափոխել Սևանի հիվանդանոցի շտապօգնության բրիգադը, մեկին՝ փրկարարներն իրենց ծառայողական ավտոմեքենայով, իսկ երրորդին էլ քաղաքացիները: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վահագն Սիմոնյանի և ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: