Արտառոց դեպք Սևանի գաղութում. ամեն ինչի ունակ են դատապարտյալները. մանրամասներ

Արտառոց դեպք Սևանի գաղութում. ամեն ինչի ունակ են դատապարտյալները. մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սևանի» գաղութի աշխատակիցները կեսօրին նկատել են, որ սև գույնի կատուն մտել է քրեակատարողական հիմնարկի տարածք, սակայն իրենց փորձառության շնորհիվ նկատել են, որ կատվի պարանոցին կասկածելի վզկապ կա:

 

 

Գաղութի աշխատակիցները տարբեր միջոցներ գործադրելով, կարողացել են կատվին բռնել:

 

Պարզվել է, որ կատուն եղել է վարժեցված, իսկ պարանոցին առկա է եղել թմրամիջոցներ թաքցնելու համար ինքնաշեն եղանակով պատրաստված սև գույնի կաշվենման վզկապ:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, զննությամբ կատվի պարանոցին ամրացված վզկապի մեջ հայտնաբերվել է «Բիլայն» տեսակի՝ թվով 4 հատ բաժանորդային քարտ, ինչպես նաև 10 հատ առանձին փաթեթներ, որոնցից 8-ում հայտնաբերվել է 2,2 գրամից մինչև 2,3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:

 

Մեկ այլ փաթեթում հայտնաբերվել է 4,3 գրամ ընդհանուր քաշով «շոկոլադկա» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ-շագանակագույն, մանրացված զանգված:

 

Իսկ տասներորդ փաթեթում հայտնաբերվել է 15,1 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն կոշտ զանգված:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, հայտնաբերվածը ամբողջությամբ փաթեթավորվել է, փաստի առթիվ էլ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հայտնաբերման մասին Սևանի գաղութում իմանալով, դատապարտյալները փորձել են հետաքրքրվել, թե կատուն, որին դատապարտյալները անվանում էին «Զազո», ինչպես է եղել, որ բռնվել է: Ու երևի հիմա իրար ասում են, որ իրոք այլևս այն ժամանակները չեն, որ կարողանան անարգել արգելված իր մտցնել գաղութ:

 

«Զազոյի» հայտնաբերման դեպքը հերթական անգամ ապացուցեց, որ օձն իր պորտով, հավքն իր թևով չեն կարող մուտք գործել գաղութներ, քանի որ աշխատակիցները արդեն այնպես են վարպետացել, որ անմիջապես նկատում և կանխում են ցանկացած շարժ. կլինի վարժեցված աղավնի, թե՝ կատու:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: