Անթույլատրելի հայտարարություն

Անթույլատրելի հայտարարություն

1in.am ը գրում է. Տարածվել է Արցախի Պաշտպանական բանակի 124 սպաների հայտարարությունը: «Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում ենք, որպեսզի գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում»,- ասված է սպաների հայտարարության մեջ: Հայտարարությունը բազմիմաստ է: Նախ՝ պարզ չէ, թե ում են խնդրում և միջնորդում սպաները, որպեսզի Օնիկ Գասպարյանը շարունակի ծառայությունը: Խնդրում են հենց Օնիկ Գասպարյանի՞ն, թե՞ խնդրում են կամ դիմում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: Թե՞ Արցախի ՊԲ սպաների հայտարարությունը ձևով ու տեքստով է միայն միջնորդություն ու խնդրանք, իսկ ըստ էության այն քաղաքական և հոգեբանական ճնշում է այն գործիչների հանդեպ, որոնց որոշումներից է կախված ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը և ընդհանրապես Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված վիճակի հանգուցալուծումը: Բոլոր դեպքերում, Արցախի ՊԲ սպաների հայտարարությունը ԳՇ շուրջ ստեղծված վիճակում բացում է այդ նոր ու բազմիմաստ շերտը: Մի կողմից՝ այն կարող է իհարկե թույլ տալ քաղաքական պատասխանատուներին և կողմերին գալ հանգուցալուծման Օնիկ Գասպարյանին պահելով, սակայն ԳՇ-ն դուրս բերելով քաղաքական գործընթացներից, մյուս կողմից՝ Արցախից սպաների հայտարարությունը կարող է ունենալ հակառակ ազդեցություն և էլ ավելի խորացնել ճգնաժամը: Հատկանշական է, որ հայտարարության տեքստը չի պարունակում քաղաքական պահանջներ, չունի պահանջագրի բովանդակություն, սակայն մյուս կողմից՝ զինվորականության ցանկացած հայտարարություն, որն առնչվում է առկա ճգնաժամին, ունենում է բավականին սուր քաղաքական ընկալումներ: Կասկած չկա, որ արմատական ընդդիմությունը փորձելու է օգտագործել Արցախի ՊԲ սպաների այս հայտարարությունն այնպես, ինչպես օգտագործել է ԳՇ հայտնի հայտարարությունը, ինչից սկսվել է ամեն ինչ: Այդ իմաստով, ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, հաշվի առնելով հայտարարության քաղաքական խաղարկման նախադեպը, սպաները թերևս կամ պետք է ձեռնպահ մնային իրենց հերթին հայտարարությունից, կամ դրանում թերևս պետք է ընդգծեին, շեշտեին այն, ինչ իր հերթին չի արել ԳՇ-ն: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ նրանք պետք է կոչ անեն անխտիր բոլոր քաղաքական ուժերին, որ փորձ իսկ չանեն զինվորականության հայտարարությունները քաղաքականության հարթակներում խաղարկելու և շահարկելու: Այլապես Արցախից ՊԲ սպաների հայտարարությունը կարող է դառնալ բանակը քաղաքականության մեջ ներքաշելու որոշ ուժերի խաղի մի մասը, որը քաղաքական խաղ լինելով իրենց համար՝ պետական աղետի կարող է վերածվել Հայաստանի Հանրապետության և Արցախի համար: Ի վերջո, կա առնվազն պարզագույն մի իրողություն, որ քաղաքական բևեռացումը իր հիմքում ունի հանրային ամենատարբեր մոտեցումներ, և խիստ կարևոր է, որ իր բնույթով ժողովրդական հայկական բանակը չդառնա քաղաքական: Լուսանկարը՝ Armeniasputnik-ի