Պատերազմի սկզբում Էրիկը բոլորից թաքցրել էր, որ մարտերի ամենաթեժ կետերից մեկում է: Ամեն անգամ մորը զանգելիս ամեն օրը խաղաղ լուսացնելու ուժ ու հույս է տվել: Վերջին զանգը հոկտեմբերի 10-ին է եղել:
«Զանգեց, ասաց՝ մամ ջան, ես լավ եմ, եթե չզանգեմ, չանհանգստանաս, իմ մասին չմտածես: Ու դրանից հետո էլ ձայնը չեմ լսել», - պատմում է Էրիկի մայրը՝ Աննա Աղաջանյանը:
Պատերազմը հերոսի համար ավարտվեց հոկտեմբերի 11-ին: Լավ ծառայության ու իր զենքին հմտորեն տիրապետելու համար Էրիկը շքանշան էր ստացել:
Էրիկը դպրոցում գերազանց է սովորել: Հետո հասկացել է, որ ավելի շատ ուզում է աշխատել. մեքենաները դեռ մանկուց իր տարերքն են եղել:
Էներգիայով լի էր ու էներգիայի աղբյուր՝ շրջապատի համար: Նրա յուրաքանչյուր չարաճճիություն անպայման համեմված էր զրնգուն ծիծաղով: Մինչև ամեն բան իր ուզածով չլիներ, գլուխը բարձին չէր դնի:
Մայրը որդու վերադարձի օրերն էր հաշվում: Բայց Էրիկը բանակ էր զորակոչվել՝ անվերադարձ: Էրիկի գնալուց հետո միայն կարոտն ու դառը հպարտությունն են մնացել:
«Շատ մեծ ցավ եմ ապրում: Սա մեծ դժբախտություն է, բայց հպարտ եմ: Շատ հպարտ եմ, որ որդիս զոհվել է հանուն հայրենիքի», - ասում է Էրիկի մայրը:
Էրիկի հերոսական ճակատագիրը սկսվեց ու ավարտվեց Հայաստանում. նա հավերժ մնաց իր հայրենիքում: