Պանդորայի արկղը բացվեց. ի՞նչ է կատարվել Արցախի շուրջ 2016-ի ապրիլից հետո

Պանդորայի արկղը բացվեց. ի՞նչ է կատարվել Արցախի շուրջ 2016-ի ապրիլից հետո

Հայաստանի մանևրելու ժամանակը սպառվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելով: Ըստ նրա՝ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի առաջ հարցը եղել է մեկը՝ կա՛մ հրաժարվում ենք մեր իրավունքներից, կա՛մ կանգնում ենք դրանց պաշտպանության դիրքում: Տողատակն այն է, որ՝ կա՛մ հանձնում ենք տարածքները՝ առանց կարգավիճակի որևէ հեռանկարի, կա՛մ պնդում ենք կարգավիճակը և հեռանկարում ունենում պատերազմ, որն, ըստ էության, ունենալու է միջազգային լեգիտիմություն: Հայաստանում իրավիճակը չափազանց բարդ է: Ռազմական և ռազմա-քաղաքական պարտությունը Հայաստանում բացեց հայկական քաղաքականության մոտ երեք տասնամյակի Պանդորայի արկղը: Այնպես չէ, որ դրա պարունակությունը հայկական հանրության համար լիովին անսպասելի և զարմանալի է, միևնույն ժամանակ, սակայն, հանրությունը տարիներ շարունակ այդ հարցերի մասին խոսել է որոշակի տաբուներով, զգուշավորությամբ, քաղաքական ինտրիգների և կոնյունկտուրայի ազդեցությամբ և այլն, ինչի բերումով «արկղը» երբեք չի բացվել այսպես ասած՝ ամբողջ բերանով: Պարտությունն այժմ բացել է արկղի և, ըստ էության, բոլորի բերանները: Բացված տեղերից դուրս է գալիս թե՛ ճշմարտություն, թե՛ բացարձակ ճշմարտություն, թե՛ նենգափոխում, թե՛ սուտ, թե՛ բացարձակ սուտ:

 

Այդպիսին է պատերազմը, և հատկապես երբ այն ավարտվում է պարտությամբ, որտեղ ոչ ոք չի ուզում մնալ պատասխանատվության ամբողջական բեռի տակ: Առավել ևս որ անկասկած է՝ այդ ամբողջական բեռը անցնող ավելի քան քառորդդարյա պատմության ու դրա դերակատարների վրա է, ամեն մեկի յուրովի բաժնով՝ ընդհուպ Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ նրա վրա է մնացել ծանր ժառանգությունը:

 

Որովհետև արցախյան հարցը հայկական պետականության մոտ երեք տասնամյակի պատմության ընթացքում, թեկուզ Պանդորայի արկղի մինչև վերջ չբացված բերանով, այդուհանդերձ իր բարդությամբ և իր ընթացքի տրամաբանությամբ, իր նուրբ առանձնահատկություններով եղել է այնքան տեսանելի ու շոշափելի, առավել ևս արդեն եղած 2016 թվականի ապրիլով, որ ծանր ժառանգության հանգամանքը դրա տակ մտնել պատրաստվող գործչի պայմաններում պետք է ընկալելի և պատկերացնելի լիներ ամբողջությամբ: Իսկ եթե չի եղել այդ պատկերացումը, ապա դա իր հերթին լրջագույն և, ինչպես կարող է պարզ դառնալ՝ ճակատագրական բաց է: Ըստ այդմ, ծանր ժառանգությունը արդարացում չէ՝ թե՛ ժառանգությունը թողնողների համար, թե՛ այն վերցնողների:

 

Հանրությունը կարող է սխալվել, այն ունի սխալվելու իրավունք, որովհետև չունի չսխալվելու, կամ առավելագույնս չսխալվելու համար անհրաժեշտ, կարևոր կոնֆիդենցիալ տեղեկատվություն: Մարդիկ, որոնք տնօրինում են այդպիսի տեղեկատվության, որոնք ունեն այդպիսի տեղեկատվության հասանելիության առավելություն, նրանք արդեն չունեն սխալվելու այնպիսի հնարավորություն և իրավունք, ինչպիսին ունի հանրությունը: Այժմ հանրությունը ոչ թե ակնկալում է արդարացումներ կամ բացատրություններ, այլ շատ կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ, ընդ որում՝ անցնող երեք տասնամյակի բոլոր դերակատարներից անխտիր: Հանրությանը չի հետաքրքրում, թե նրանցից ով ինչպես է փորձում օգտագործել այժմ իրադրությունը սեփական քաղաքական հեռանկարների համար:

 

Հանրությանը հետաքրքրում է, թե ինչու չի օգտագործվել խաղաղության երեք տասնամյակը հաղթանակն ամրապնդելու և անշրջելի դարձնելու համար: