Ալեն Սիմոնյանը ռազմաճակատից նամակ է ստացել. ինչ է պատմում զինվորը պատերազմի մասին

Ալեն Սիմոնյանը ռազմաճակատից նամակ է ստացել. ինչ է պատմում զինվորը պատերազմի մասին

Ազգային  Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սենց նամակ եմ ստացել ճակատում կռվող մեկից, որը որոշեցի իր թույլտվությամբ հրապարակել: Գիտեմ, որ առաջնագծում սա շատերը արդեն կարդացել են:
Բաց նամակ հային
Ի՞նչ անել։ Կռվել: Աֆղանստանի պատերազմի հարյուրավոր ժամեր վիդեոներ կան: Աֆղանցին կռվել է ժամանակի ամենահզոր բանակի դեմ: Որը կռվել է էն ժամանակվա գերժամանակակից զենքերով: Աֆղանցին չի ասել, հրետանին թող ավելի տոչնի խփի, որ կռիվ տամ: Որովհետեւ աֆղանցին հրետանի չի ունեցել: Ունեցել է՝ ավտոմատ ու կամք:
Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող ավելի հզոր լինել, քան Սովետը, կամ Ամերիկան, որոնք երկուսն էլ պարտվեցին մեկը Աֆղանստանին, մյուսը՝ Վիետնամին:

Հա, կասեք՝ Վիետնամը Սովետի աջակցությունն ուներ, Աֆղանստանն էլ՝ Ամերիկայի: Նրանք ոչ թե աջակցություն ունեին, դրա համար կռվեցին, այլ կռվեցին, դրա համար աջակցություն ունեցան:
Էսօր Հայաստանն ու Արցախը էնքան զենք ունեն, որ երբեք չեն ունեցել: Ատոմային ռումբ, ճիշտ ա, չունենք: Բայրաքթար, ճիշտ ա չունենք: Ինչպես աֆղանցին ՄԻԳ ու Սու չունեին:

Բայց մեռնելով էլ լինի՝ հողը պիտի պահենք: Մեր ինժեներները մեռնելով էլ լինի, պիտի հակաբայրաքթարը գտնեն ու մեր կործանարար զենքը ստեղծեն: Ու կստեղծեն: Ու քանի չեն ստեղծել՝ եղանով էլ լինի, հողը պիտի պահենք:
Եթե պետք է՝ պիտի արթնացնես քո միջի գազանին, որովհետեւ քո առաջ գազան է կանգնած: Քո քաղաքակրթությունը պաշտպանելու համար գազան դարձիր, որը բութ է վախի, ցավի նկատմամբ: Եթե վախենում ես՝ ավելի գազանացիր: Եթե խելամիտ ես՝ կամքով պնդացիր:
Արթնացրու քո միջի գազանին ու դաժան եղիր առաջինը ինքդ քո նկատմամբ: Մինչեւ ինքդ քեզ չսպանես, թշնամուն չես կարա սպանես: Կռվիր այնպես, ասես մեռել ես վաղուց: Ու կհաղթես, տարբերակ չունես՝ ու կհաղթես: