Ադրբեջանը չի կարող հաղթել

Ադրբեջանը չի կարող հաղթել

Lragir.am-ը գրում է.

 

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը

Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը Մակրոնի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող մեկնաբանություն արեց։ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելը ի՞նչ կարող է նշանակել և ինչ զարգացումներ կարող են դրան հաջորդել:

Դիվանագիտական լարվածությունից զատ 'ոչինչ: Կցանկանա՞ Փարիզը գնալ ավելի հեռու, քան իր դեսպանին հետ կանչելն է. ես կասկածում եմ: Ֆրանս-թուրքական հարաբերությունները վատ վիճակում են, դա փաստ է, բայց կարծում եմ, որ այն կմնա այդ մակարդակում: Երկու կողմից էլ կլինեն լարված մեկնաբանություններ առանց որևէ այլ բանի հասարակության աչքում:

Ալիևը հայտարարել էր, թե Ադրբեջանը պատրաստ է հրադադարի, բայց եթե Հայաստանը ընդունի համանախագահների կողմից առաջարկվող կարգավորման սկզբունքները: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ մինչ այդ Ադրբեջանը հայտարարում էր, որ ռազմական գործողությունները կդադարեցնի միայն այն դեպքում, երբ Հայաստանը իր զորքերը հետ քաշելու ժամանակացույց ներկայացնի:

Մենք պետք է դադարենք հավատալ զինադադարի այդ կոչերին, քանի որ ներկայիս պայմաններում դրանք Ադրբեջանին պետք չեն: Ալիևի համար նույնիսկ պարտություն կլիներ, եթե Ադրբեջանը հարգեր մարդասիրական զինադադարի ցանկացած կոչ: Մարդասիրական զինադադարի այս կոչերի նպատակը Մինսկի խումբը փրկելն ու Ադրբեջանը Թուրքիայից բաժանելն է: Ահա թե ինչու Հայաստանը հարգում է զինադադարի կոչերը, բայց Բաքուն՝ ոչ: Փաստորեն, քանի դեռ Ադրբեջանը չի հասել խոշոր ռազմավարական փոփոխության, Ալիևը կմերժի ցանկացած հրադադարի ռեժիմ: Եվ Հայաստանը հիմա պետք է մտածի Ադրբեջանին հակահարված տալու մասին, և ես համոզված եմ, որ դա արդեն անում է:

Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ Ադրբեջանը խախտում է հումանիտար զինադադարի կոչերը, բայց նրան չի հաջողվում բառը վերածել Բաքվի նկատմամբ հարկադրանքի գործողությունների: Դրանից օգտվում է Բաքուն, բայց քանի որ Ադրբեջանը չի կարող հաղթել պատերազմում, Ալիևը շարունակում է հավատալ իր միֆերին, և դա ամրապնդում է Արցախի անկախության ճանաչման հայկական պահանջը:

Ֆրանսիայի հայկական համայնքը վերջին շաբաթներին շատ ակտիվ է: Որքանո՞վ է իրատեսական, որ այդ ակտիվության ֆոնին Ֆրանսիան գնա Արցախի անկախությունը ճանաչելու քայլին՝ հաշվի առնելով, որ նա Մինսկի խմբի համանախագահ երկիր է, այսինքն չեզոք միջնորդ:

Հայկական ծագմամբ ֆրանսիացիները շատ ակտիվ են, ինչպես ամբողջ Սփյուռքը: Բայց Ֆրանսիայում առանձնահատուկ էֆեկտ կա երեք պատճառով. Նախ' Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները վատն են, և ֆրանսահայերը ճիշտ են դրանից օգտվել: Երկրորդ, Ֆրանսիայի իշխանությունները լսում են հայ համայնքին, քանի որ այն շատ լավ ինտեգրված է Ֆրանսիայի Հանրապետությանը: Վերջապես, քանի որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, իր դերն ունի, նույնիսկ եթե նրա արտաքին գործերի նախարարը լուրջ մեղք է գործել ՝ խոսելով Ֆրանսիայի «չեզոքության» մասին: Սա հիշեցնում է Ֆրանսիայի դիրքորոշումը Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ 1936 թվականին, երբ Փարիզը և Լոնդոնը խոսեցին «չեզոքության» մասին, մենք գիտենք մնացածը: Ի՞նչ «չեզոքության» մասին է խոսքը, երբ ժողովրդին սպառնում է էթնիկական զտումներ կամ ցեղասպանություն: Ի՞նչ «չեզոքության» մասին է խոսքը, երբ Ֆրանսիան զենք է վաճառել Ադրբեջանին: Ի՞նչ «չեզոքության» մասին է խոսքը, երբ Ֆրանսիան արդեն դատապարտել է ադրբեջանցի ագրեսորին և Թուրքիայի համագործակցությունը ջիհադիստական ահաբեկչության հետ: Ժան-Իվ Լե Դրիանն ավելի լավ կաներ լռել: