«Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»»․ գերմանական BILD-ի գլխավոր խմբագիրը հայտնել է, որ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով հարցազրույցից

«Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»»․ գերմանական BILD-ի գլխավոր խմբագիրը հայտնել է, որ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով հարցազրույցից

Գերմանական BILD պարբերականի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնժեյմերն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սկզբում համաձայնելով ԼՂ հակամարտության թեմայով հարցազրույց տալ հեղինակավոր լրատվամիջոցին, այժմ հրաժարվել է։

 

«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղի վերաբերյալ հարցազրույց տալ BILD-ին, իսկ հիմա հանկարծակի հրաժարվում է դրանից։ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»,- գրել է Ռոնժեյմերը և տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետն ու նախագահն արդեն իսկ հարցազրույցներ տվել են պարբերականին։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 576 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6309 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

 

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

 

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։