Անդրեի ստեփանակերտյան չկայացած համերգի շուրջ կրքերը չեն հանդարտվում. ինչպես են կատարվածը մեկնաբանում ԱՀ պատկան մարմինները

Անդրեի ստեփանակերտյան չկայացած համերգի շուրջ կրքերը չեն հանդարտվում. ինչպես են կատարվածը մեկնաբանում ԱՀ պատկան մարմինները

Երգիչ Անդրեի Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում չկայացած համերգի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Իր վերջին հարցազրույցներից մեկում երգիչը նորից պնդել էր, որ կատարվածը այսպես ասած «պետպատվեր է»:

Այս առնչությամբ araratnews.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱՀ ԿԳՍՄ նախարար Լուսինե Ղարախանյանից: Նախարարը հավաստիացրեց, որ Անդրեի տաղանդը և արվեստը շատ գնահատում են Արցախում, և որևիցե խնդիր ոչ նրա անձի, ոչ իր երգարվեստի հետ չկա և չի կարող լինել: «Խնդիրը, ինչպես արդեն ներկայացվել է, նրանում է, որ մենք որոշում ունենք Վերածնունդի հրապարակում մինչև նոյեմբերի 11-ը որևէ մասսայական միջոցառում չանցկացնել: Անդրեին առաջարկվել են այլ հարթակներ և դահլիճներ իր համերգի համար, բայց նա պնդել է միայն Վերածնունդի հրապարակի տարբերակի վրա: Որպեսզի շահարկումներից խուսափենք, պետք է հիշեցնեմ, որ Անդրեից առաջ այլ արվեստագետներ ևս դիմել էին Վերածնունդի հրապարակում միջոցառում անցկացնելու համար, սակայն նրանց նույնպես մերժվել է: Այնպես որ, այստեղ հարցը ոչ Անդրեի անձն է, ոչ նրա երգարվեստը: Ըստ իս, շահարկումներն այս հարցում անտեղի են»,- նշեց նախարարը:

Ստեփանակերտի քաղաքապետարանի խոսնակ Վարդուհի Օհանյանն էլ մեզ փոխանցեց, որ քաղաքապետարանին համերգի համար տարածք տրամադրելու հարցով ոչ մեկը չի դիմել, ուստի ոչինչ չեն կարող մեկնաբանել: