«Մենք Ռուսաստանի հետ մոտեցումների շուրջ տարաձայնություններ չունենք»․ Ալիևը՝ Ղարաբաղյան հակամարտության ու «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Մենք Ռուսաստանի հետ մոտեցումների շուրջ տարաձայնություններ չունենք»․ Ալիևը՝ Ղարաբաղյան հակամարտության ու «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ալիևը հայտարարել է, որ հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մի շարք հարցեր։

 

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքը» և հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածը։ Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, մոտեցումների շուրջ տարաձայնություններ չունենք․ մենք կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտված է»,- հուլիսի 22-ին AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ալիևը։

Նրա խոսքով՝ «կարևոր է Հայաստանում կանխել ռևանշիզմի դրսևորումները և դրանից հետո տարածաշրջանում խաղաղություն հաստատել»։

 

«Պատերազմի ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն և վերացվեն։ Մենք այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ տարաձայնություններ չունենք, մենք համակարծիք ենք։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա ես պարոն Պուտինին տեղեկացրի, որ Հայաստանը կրկին անկեղծ չէ այդ հարցում։ Պարոն Շառլ Միշելի (Եվրոպական խորհրդի ղեկավար-խմբ․) հետ մամուլի ասուլիսում ես ասացի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է բացվեն միաժամանակ և չպետք է կիրառվի ընտրովի մոտեցում: Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը հերթական անգամ ցանկանում է այստեղ ինչ-որ խաղ խաղալ»,- հայտարարել է նա՝ հավելելով, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածության 9-րդ կետի համաձայն։

 

Ընդ որում՝ Ալիևը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով. «Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են»։

 

«Մենք իրական ռազմավարական գործընկերներ ենք, մենք երկարաժամկետ ռազմավարական համագործակցության շուրջ տարաձայնություններ չունենք։ Մենք շատ ամուր բարեկամական կապեր ունենք, և անձամբ ես պարոն Պուտինի հետ շատ մտերմիկ հարաբերություններ ունեմ։ Մենք քաղաքական գործիչներ ենք, որոնք վստահում են միմյանց․ դա շատ կարևոր է, և իմ վերջին այցի ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր»,- հայտարարել է Ալիևը։