Եթե մեկը կա, ով կանգնեցրել է 7-րդ ՊՇ նահանջը, դա «Քեռու» ջոկատն է և Հարությունյան Արայիկը. Հովսեփ Ղազարյան

Եթե մեկը կա, ով կանգնեցրել է 7-րդ ՊՇ նահանջը, դա «Քեռու» ջոկատն է և Հարությունյան Արայիկը. Հովսեփ Ղազարյան

44-օրյա պատերազմի մասնակից Հովսեփ Ղազարյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը առ այն, որ գեներալ Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը և իր կայացրած որոշման արդյունքում է, որ դա տեղի չի ունեցել, որպես այդ շրջանում ռազմական գործողությունների անմիջական մասնակից որոշ մանրամասներ է պատմել մարտերի ընթացքից:

Նա մասնավորապես գրել է.

«Կարծում եմ եկել է ժամանակը, որ հասարակության լայն զանգվածներն իմանան այդ օրերին Եղնիկներում տեղի ունեցածի մասին ողջ իրողությունը: Սեպտեմբերի 29-ից «Քեռու» ջոկատը, որի ենթակայության տակ նաև ես էի, տեղակայվել էր Եղնիկների և Մատաղիսի թիկունքում գտնվող «Վահե 1» և «Վահե 2» կամուրջների մոտ՝ խնդիր ունենալով պաշտպանել դրանք հակառակորդի հնարավոր դիվերսիոն հարձակումներից: Պատերազմի առաջին օրերին հակառակորդին հաջողվել էր գրավել Թալիշը և մտնել թիկունք՝ ունենալով որոշակի առաջխաղացում Եղնիկների պաշտպանության տեղամասում և գրավել Արեգասարը: 7-րդ ՊՇ հրամանատարության կողմից կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող բարձրունքի հակագրոհի մի քանի փորձեր արդեն արվել էր, սակայն չէր հաջողվել ամրանալ բարձունքին:

Թալիշը վերցնելուց հետո հակառակորդը զարգացրել էր հաջողությունը և անցել 6-րդ ՊՇ-ի թիկունք, ինչի հետևանքով հոկտեմբերի 2-ին Մադաղիսի զորքը, ինչպես նաև այնտեղի «մոբը» ու ՀՅԴ կամավորականները սկսեցին նահանջել դեպի Մաղավուզ և Մարտակերտ: Մեր ջոկատը, տեղակայված լինելով «Վահե 1» կամրջի մոտ, մինչև վերջին պահը՝ հոկտեմբերի 3-ը, ապահովվեց նահանջը և ամենավերջինը հետ քաշվեց այնտեղից:

«Վահե 2»-ում մեզ հանդիպեց 7-րդ ՊՇ հրամանատարը՝ Քյոխը, ով մինչև այդ գնացել էր Ստեփանակերտ և Մատաղիսի հետ քաշվելուց հետո ուժեր էր խնդրել նախագահից, որպիսի կարողանա պահել Եղնիկների թիկունքը: Սակայն այդ ուժերը չէր ստացել, և Մովսես Հակոբյանի հրամանով Եղնիկները նույնպես պետք է նահանջեին, ինչի արդյունքում հակառակորդը միանգամից կհայտնվեր Մաղավուզում և կկարողանար թիկունքից հարվածել Քարվաճառին ու Մարտակերտին, որն էլ իր հերթին կվճռեր պատերազմի ընթացքը: Մատաղիսի անկումը բարոյահոգեբանական առումով վատ ազդեցություն էր ունեցել նաև Եղնիկների համար և որոշակի խուճապ էր ստեղծվել: Փաստացի, եթե հակառակորդը այդ պահին Մատաղիսի կողմից հարձակվեր, Եղնիկների թիկունքն այդ պահին պահում էր միայն «Քեռու» ջոկատը:

Հրամանատարի հետ նահանջելու վերաբերյալ վեճիբանությունից որոշ ժամանակ անց 2 մեքենայով «Վահե 2» եկավ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա մեքենայից իջնելով նախ զարմացավ, որ այնտեղ դեռ զորք կա, որը չի մատնվել խուճապի և չի փախել: Նրա առաջին հարցը եղավ հետևյալը. «նահանջու՞մ ենք, թողնու՞մ ենք մեր հայրենիքի այս հատվածը թուրքին, թե՞ մնում ու կռվում ենք», ինչին մենք պատասխանեցինք, որ մնում ենք:

Ավելի ուշ այնտեղ ժամանեցին որոշ ստորաբաժանումներ և մեր ջոկատի հետ ապահովեցին Եղնիկների թիկունքը: Եթե մեկը կա, ով կանգնեցրել է 7-րդ ՊՇ նահանջը, դա ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ «Քեռու»ջոկատը և Հարությունյան Արայիկը: Գալու է ժամանաը, երբ 44-օրյա պատերազմի մասին հայտնի կդառնա ողջ ճշմարտությունը»: