Հադրութը պե՛տք է վերադառնա Արցախի գիրկը, ու ոչ միայն Հադրութը: Եթե ոչ, ապա Մոսկվան կասկածի տակ կդնի…

Հադրութը պե՛տք է վերադառնա Արցախի գիրկը, ու ոչ միայն Հադրութը: Եթե ոչ, ապա Մոսկվան կասկածի տակ կդնի…

Հադրութի ռազմակալումը արմենոցիդի քաղաքականության հերթական շրջանն է, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև որոշ պետություններ:

 

Հադրութին ջարդուփշուր արեց հարյուր երեսուն տարիներ կամայական ու անպատիժ գործող ցեղասպանը. այդ մարդակերը այստեղ հայտնաբերեց նաև Բաքվից փախստական Բենիկին ու նրա կնոջը' Լենային. Բենիկին գնդակահարեց փողոցում ու սպանդի տեսանկարը' որպես սպառնալիք տարածեց, իսկ Լենային տանջամահ արեց, գլխատեց...

 

Մեծ Մերձավոր Արևելքի արևմտյան փեշերից մինչև Կասպից Արևմուտք Թուրքիան ավելի քան հարյուր տարի անց տանում է ցեղասպանության մի նոր ընթացք' վերապրած բնիկ ժողովուրդների բեկորների դեմ:

 

Անցյալ տարվա հզոր ագրեսիայի հերթը ընդդեմ հայության էր: Ու դրան թրքական դիվանագիտությունը պատրաստվել էր 1992 թվականից, երբ սողոսկեց Մինսկի խումբ ու «հիպնոսացրեց» ոչ միայն հզոր պետություններին, այլև հայկական ամուլ ու ստրկամիտ իշխանական ու քաղաքական վերնախավին' 28 տարիներ անընդմեջ:

 

1994 թվականից շրջանառության մեջ դրեցին «ադրբեջանցի փախստականների» վերադարձի ու «օկուպացված տարածքների» կեղծ խնդիրները, բանակցային ողջ ընթացքում հայության ցեղասպանության փաստը վերափոխելով տարածքային վեճի ու շրջանցելով Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյությունը միջազգային իրավունքի դաշտում, Հայաստանին տվեցին ագրեսորի ու օկուպանտի կարգավիճակ, կասկածի տակ դրեցին հայոց պետականության կենսունակությունը :

 

Թուրքիան ու Ադրբեջանը ավելի լկտիացել են ու օգտվելով նաև միջազգային կառույցների ծախու կեցվածքից' աշխարհին բազում անգամներ մատուցել են այդ կեղծիքները ու «համոզել» դրանցում:

 

Հզոր պետություններն ու միջազգային կառույցները, որոնք 1988-ին, 1989-ին, 1990-ին ակտիվ աղաղակում էին հայության ջարդերի դեմ' Սումգայիթում, Բաքվում, որակելով այն ցեղասպանական, ԽՍՀՄ փլուզումից հետո' 1991 թվականից, լուռ հետևեցին, թե էլ ինչ նոր մեթոդներով է Ադրբեջանը շարունակելու արմենոցիդը Արցախից մնացած վերջին բեկորի վրա' ԼՂԻՄ-ում:

 

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները սումգայիթյան ջարդերում մեղադրելով խորհրդային իշխանություններին, ոչինչ չձեռնարկեցին այդ ջարդերի հետևանքների վերացման համար' որպես ԽՍՀՄ իրավահաջորդ ու իրավաշարունակող, չարձագանքեցին Հայկ. ԽՍՀ ԳԽ 1990 թվականի փետրվարի 13-ի որոշմանն ու դիմումին' ճանաչել այդ ջարդերը ցեղասպանության շարունակություն և վերացնել հետևանքները: Ավելին, արդարության հայկական նժարին խփում են հենց իրենց նեղ շահերի սպասարկման համար, մի դեպքում հիշեցնելով, որ կոնֆլիկտը էթնիկ հողի վրա է, մի այլ դեպքում' ոտնահարելով օրենսդրության տրամաբանությունն ու անկողմնակալությունը, նաև վերահաստատելով իրենց կողմից պարսավանքի արժանացած բոլշևիզմի որոշումները,  հայտարարում են Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածք:

Ուժի սպառնալիքի տակ, անվարան ու բացահայտ էթնոցիդի պայմաններում ռազմակալում են Արցախի Հանրապետության Քաշաթաղի ու Շահումյանի շրջանները, Շուշին:

 

Եվ ոչ մի ցուցում Թուրքիայի կողմից ահաբեկիչների ներկրման դեմ, ասես'համաշխարհային այդ պոռնկուհուն տիրանալու համար մրցակցություն է, և դրա համար է, որ ցանկացած հանցանք «անտեսվում» է:

 

Շուրջ 100 000 հայեր դարձան փախստական, ով առաջին անգամ, ով էլ կրկին ու կրկին դարձավ փախստական, քսանվեց տարիներ անընդմեջ անցկացնելով ցեղասպան Ադրբեջանի ագրեսիայի սպառնալիքի տակ:

 

Նոր հայ փախստականները եկան լրացնելու 1987-1992 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստական դարձած ավելի քան 800 000 հայ փախստականների շարքերը, որոնց քշեցին ու ցրեցին աշխարհով մեկ, խլելով նրանցից համայնքային ինքնությունը, կապը իրենց եկեղեցիների ու ուխտագնացության սրբավայրերի, մշակութային կոթողների հետ:

 

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հարցը քաղաքական կոռուպցիայի տիրույթում 1992 թվականից կոծկված ու արհամարհված է նախ և առաջ հայկական քաղաքական վերնախավի կողմից, ու ի՞նչ վերաբերմունքի կարժանանան հայ փախստականների այս նոր խումբը. պատասխանը' առայժմ շատ անորոշ ու անվստահելի վիճակ է:

 

Այսօր 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 7-րդ կետում խոսք է գնում փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի մասին'«Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»:  Ալիևը ակտիվորեն առաջ է տանում Հայաստանից տեղահանված «ադրբեջանցի փախստականների» Հադրութ «վերադարձի» ագրեսիվ դիրքորոշումը: Բացակայում է հայկական իշխանական օղակների արձագանքն ու նախաձեռնությունը' ամուլ ու ստրկամիտ 28-ամյա հոգեվիճակի իներցիայով:

 

Պատերազմին «ընդդիմացած» ու խաղաղություն հաստատած Ռուսաստանի Դաշնության ղեկավարները, անշուշտ, հետևողական կլինեն ու կապահովեն նոյեմբերի 10-ի հայտարարության 7-րդ կետի իրականացումը' Հադրութ, Քաշաթաղ ու Շահումյան, Ջրական, Վարանդա, Ակն, Շուշի և մյուս բնակավայրեր 2020 թվականի ցեղասպանական ագրեսիայի պատճառով փախստական ու ներքին տեղահանված դարձած հայերի վերադարձը, ու այստեղ Ալիևի ու Էրդողանի քմահաճույքին ու վարձկան ահաբեկիչներով դրանց սպառնալիքներին տեղ չեն տա. այսօր դա է պահանջում Ռուսաստանի Դաշնության միջնորդ ու խաղաղապահ կարգավիճակը:

 

Հայ փախստականների վերադարձի համար պարտավորություն ունի հենց ՄԱԿ-ը, որը ի վերջո պետք է վերհիշի ու հարգի 1994 թվականի իր չորս ռեզոլյուցիաները, 1936 թվականի Մոնթեվիդեոյի իր կոնվենցիան, 1973 թվականի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված ագրեսիայի բնորոշման փաստաթուղթը ու նաև ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված ու չճանաչված Արցախի Հանրապետության վրա տարածվող իր այն դրույթը, համաձայն որի Արցախի Հանրապետությունը գտնվում էր միջազգային իրավունքի պաշտպանության տակ և պետք է գործեր ուժի կիրառման արգելքը:

 

ՄԱԿ-ը պետք է վերահաստատի հարգանքն ու հավատարմությունը իր իսկ ընդունած սկզբունքներին ու որոշումներին և քրեական գործ հարուցի ընդդեմ դրանց ոտնահարած ցեղասպան երկու պետությունների դեմ, եթե ո՛չ, ապա կվերահաստատի այն անվստահությունը, որ ՄԱԿ-ը ուժեղների համար թույլերին կառավարելու միջոց է:

 

Հադրութը առանձնանում է նրանով, որ լինելով ԼՂԻՄ կազմում, խորհրդային տարիներին էլ պահպանեց իր հայաբնակ լինելը, իսկ Քաշաթաղն ու Քարվաճառը 1921 թվականի բոլշևիկյան որոշումից հետո հիմնականում հայաթափվեցին, միայն 1994 թվականին ազատագրվելուց հետո այնտեղ իրենց պաշտպանությունը գտան և ապրեցին հայ փախստականները' հիմնակնում Գարդմանքից:

 

Ու այստեղ հիշեցնենք, որ 1988-1992 թվականներին Ակն/Աղդամից, Ջրական/Ջեբրայիլից, Կովսական/Զանգելանից, Քարվաճառ/Քելբաջարից, Բերձոր/Լաչինից, Քաշունիք/Կուբաթլուից, Վարանդա/Ֆիզուլիից 30 298 հայեր բռնագաղթեցին Հայաստան և գրանցվեցին փախստականների կոմիտեում:

 

Հադրութը հայկականության մի գողտրիկ անկյուն էր իր մշակութային կյանքով, իր մտավորական խավով, իր անցյալով ու ներկայով, իր նիստ ու կացով, իր համայնքով:

 

Հադրութը պետք է վերադառնա հադրութցիներին, որ նրանք կարողանան իրենց ինքնությունը պահպանել իրենց բնօրրանում:

Հադրութը պե՛տք է վերադառնա Արցախի Հանրապետության գիրկը, ու ո՛չ միայն Հադրութը, նաև Քաշաթաղն ու Շահումյանը, Ջրականը, Վարանդան, Ակնը, Շուշին և մյուս բնակավայրերը. սա է պահանջում նոյեմբերի 9-ի համաձայնագրի 7-րդ կետը: Եթե ո՛չ, ապա Մոսկվան կասկածի տակ կդնի իր միջնորդի ու խաղաղապահի կարգավիճակը ու կվերահաստատի Արեւմուտքի այն կարծիքը, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղը բաժանեց իր ու ցեղասպան Թուրքիայի միջև:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար